ՀՀ պետական բյուջեում ԱԱՀ-ն ավելացել է 9,1, իսկ ակցիզային հարկը` 21,4 տոկոսով
ՀՀ պետական բյուջեի եկամուտների և պետական տուրքերի 35.2 տոկոսը 2017 թվականի հունվար-մայիսին ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին:
ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվության համաձայն՝ 2017 թվականի հունվար-մայիսին այն կազմել է 160.3 մլրդ դրամ և 9.1 տոկոսով կամ 13.4մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 69.6 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, շուրջ 90.8 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: ԱԱՀ-ի աճը պայմանավորված է ինչպես ներքին շրջանառությունից ստացված, այնպես էլ մաքսային սահմանին գանձված միջոցների աճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին շրջանառությունից ստացված ԱԱՀ-ն աճել է 8.1%‑ով կամ 6.8 մլրդ դրամով, իսկ մաքսային մաքսային սահմանին գանձված մուտքերը՝ 10.4%‑ով կամ 6.6 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 26.5 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 15.2 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 11.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 21.4%-ով կամ 4.7 մլրդ դրամով:
Ընդ որում, աճ է արձանագրվել և´ ՀՀ-ում արտադրվող, և´ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով մուտքերում՝ համապատասխանաբար 33.4%-ով (2.8 մլրդ դրամով) և13.7%‑ով (1.8 մլրդ դրամով): Ներքին արտադրության ենթաակցիզային ապրանքների գծով մուտքերի աճը հիմնականում ապահովվել է ծխախոտի արտադրանքից ստացված մուտքերի աճի և 2016 թվականի մայիսի 1‑ից սեղմված բնական գազը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում ներառելու արդյունքում: Ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից ստացված ակցիզային հարկի աճը հիմնականում պայմանավորված է ներմուծվող բենզինից և դիզվառելիքից ստացված մուտքերի աճով: