Բաժիններ՝

«Եհովայի վկաների վարչական մարմինները Լենինգրադից տեղափոխվեն Հայաստան և այստեղից սկսեն ղեկավարել». Ալեքսանդր Ամարյան

Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ մի քանի ամիս առաջ ՌԴ-ն դատարանի միջոցով արգելել է Եհովայի վկաների գոյությունը Ռուսաստանում։ Հաշվի առնելով այն, որ այնտեղ մեծ քանակությամբ անդամներ ունեն, և կառավարչական ամբողջ բազան գտնվում է Ռուսաստանում, հիմա խնդիր է դարձել, թե որտե՞ղ են տեղափոխելու իրենց կառավարչական բազան։

«Նախնական տվյալներով՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում է Եհովայի վկաների համաժողով, որտեղ և կորոշվի այդ հարցը։ Խնդիրն այն է, որ Եհովայի վկաների վարչական մարմինները Լենինգրադից տեղափոխվեն Հայաստան և այստեղից սկսեն ղեկավարել ամբողջ ԱՊՀ տարածքով Եհովայի վկաների գործունեությունը։ Բոլոր պետություններում շատ կատեգորիկ են այդ կառույցի նկատմամբ՝ բացի Հայաստանից։ Հայաստանում իրենք զգում են իրենց ազատ, անկաշկանդ, անում են այն, ինչ ուզում են»,- նկատեց բանախոսը։

Ըստ նրա՝ Եհովայի վկաներն արդեն խախտում են խղճի ազատության և կրոնական կազմակերպության մասին օրենքի 7-րդ հոդվածը, իսկ այնտեղ հստակ նախատեսված է, թե ինչ կարելի է իրենց, և դրանից ավելին իրենց համար արգելված է․ օրինակ՝ քարոզը փողոցներում։

«Եհովայի վկաները ստենդներ են դնում կենտրոնական փողոցներում, շատ դեպքերում՝ դպրոցների մոտ, պետական հիմնարկների, դատարանների մոտ. այնտեղ, որտեղ մարդիկ ճգնաժամային իրավիճակում շատ են լինում, իսկ մարդկանց սթրեսային իրավիճակում շատ հեշտ է ներքաշելը և որսալը։ Ցավալին այն է, որ Եհովայի վկաներն իրենց գրականությունը տարածում են եկեղեցիների մոտ»։

Կարդացեք նաև

Պարոն Ամարյանի խոսքով՝ Հայաստանում կա Կրոնական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների կառույց, որը հիմա ՊՈԱԿ է դարձել, իսկ կազմում աշխատում է 4-5 հոգի. «Այդ 4-5 հոգին չի կարող հսկողություն կատարել մոտ 65 կրոնական կազմակերպությունների և 200-ից ավելի չգրանցվածների վրա։ Թե կրոնական կառույցներում ի՞նչ է կատարվում, ոչ ոք չի կարող միանշանակ հսկողության տակ պահել»։

Ըստ բանախոսի՝ խարիզմատիկ կրոնական կառույցները միանշանակ մասնակցում են  հեղափոխությունների, ինչպես Կիևում՝ «Աստծո դեսպանատունը», Վրաստանում՝ «Հավատքի խոսքը»։ Հեղափոխությունից հետո Վրաստանում 5 մարդ ստացել է նախարարի հաստիք, Ուկրաինայում՝ քաղաքապետի պաշտոնը։

«Հայաստանում շատ կան գրանցված, և դրանք՝ ըստ իրենց էության՝ մարդու իրավունքների, մարդու հոգեբանական աշխարհի ոտնահարման և ճնշման մեթոդներով են գործունեություն ծավալում. դա ոչ ոք այսօր չի կարողանում սահմանափակել։ Այն օրենքը, որը հիմա է գործում, չաշխատող օրենք է։ Այդ օրենքով կարող են միայն գրանցել, չկա հսկողություն, չկա լուծարման գործընթաց, չկա մեխանիզմ։ Եթե կրոնական կառույցը կատարում է խախտում, չկա մեխանիզմ, թե ի՞նչ պետք է անի Ոստիկանությունը»,- հավելեց նա։

Պարոն Ամարյանի խոսքով՝ եթե Եհովայի վկաները ստենդներով կանգնած են, քաղաքացին դիմում է Ոստիկանություն, նրան ասում են՝ սպասե՛ք, մինչև գանք, և քաղաքացին կարող է սպասել ժամերով, գալիս է Ոստիկանությունը, գնում են բաժին։ Բաժնում բացատրություն են գրում, և դրանով սահմանափակվում է ամեն ինչ.

«Որովհետև քարոզողներին բաց են թողնում, իսկ դիմողին էլ ասում՝ մենք արձանագրեցինք, ուրիշ ոչինչ չկա։ Դրանից հետո պետք է նյութերն ուղարկվի կառավարությանը կից գործող Խղճի ազատության և  կրոնական կազմակերպությունների և ազգային փոքրամասնության վարչություն։ Այն պետք է տա  իր արձագանքը, բայց Ոստիկանությունից այն կողմ ոչինչ չկա»։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը կարող է օրենքներ ընդունել, ինչպես Ռուսաստանը, նա պատասխանեց, որ, եթե ՀՀ-ն ունենա մասնագետներ, որոնք կկարողանան դատարանում հիմնավորել այդ ամենը, ապա՝ այո, բայց չկան մասնագետներ, պետք է նրանց պատրաստել։

«Մենք ունենք մի խնդիր ևս. Հայաստանի հողերն արտասահմանյան կազմակերպություններին չեն վաճառվում՝ բացի դիվանագիտական հիմունքներից, ես ունեմ շատ վճիռներ, պայմանագրեր, որտեղ ԱՄՆ-ում գրանցված Հայ ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում հողեր է գնել, իսկ գույքը պատկանում է ԱՄՆ-ի գլխամասին»,- նկատեց բանախոսը։

Ա. Ամարյանի դիտարկմամբ՝ ցանկացած քայքայիչ աղանդի վտանգն այն է, որ իր հավատացյալը կորցնում է իր մարդկային Եսը. դա մարդու իրավունքների ոտնահարման գործընթաց է, մարդը զրկվում է գլխավոր ազատություններից՝ ընտրություն, տեղեկացված լինել,  չենթարկվել խոշտանգումների։

«Մարդուն զոմբիացնում են՝ բաժանվում են, տունը բաժանում, որ փողը հովիվին տան, կգաս եկեղեցի՝ երեխաներիդ կտեսնես, չես գա՝ չես տեսնի,  կորցնում են հարազատությանը, չեն շփվում նրանց հետ, որովհետև նրանք կրոնական կառույցի անդամ չեն։ Այսպիսով՝ մենք կորցնում ենք հայ ազգի ինքնատիպությունն ու եսը, սա է վտանգը»,- նշեց Ալեքսանդր Ամարյանը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս