«Խնդրում ենք, պարո՛ն վարչապետ, մեզ լսի՛ր». 140 աշխատակից պահանջում է իր 8 ամսվա աշխատավարձը
«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի շուրջ 140 աշխատակից պահանջում են իրենց 8 ամսվա աշխատավարձը, որը կազմում է մոտավորապես 33 մլն դրամ:
«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն կարի ֆաբրիկա է, որը սկզբնական շրջանում՝ 1967 թվականից, գործել է «Դինամո» անվամբ և կարել է սպորտային հագուստներ: Այնուհետև՝ 1995 թվականից, ընկերությունը պատկանել է Ներքին գործերի նախարարությանը, և այնտեղ կարվել են Ներքին գործերի նախարարության և Ոստիկանության աշխատակիցների համազգեստներ:
Կարի ֆաբրիկան սկսել է սնանկանալ այն բանից հետո, երբ Ոստիկանությունն ընկերության տնօրեն է նշանակել Սամվել Բեկչյանին, ով, աշխատակիցների պնդմամբ, նախկինում եղել է ԿԳԲ-ի աշխատակից: Շուրջ մեկ տարի պաշտոնավարելուց հետո` 2012 թվականին, ընկերությունը սնանկացել է և փակվել:
«140 աշխատավորի գցեցիք դուրս, առանց աշխատանքի թողեցիք ու հիմա տենց շքեղ շե՞նք եք սարքում, չե՞ք ամաչում: Վարչապետը նենց ա խոսում, կարծես էս երկիրը ծաղկում ա: Բայց մի անգամ չի արձագանքել մեր խնդիրներին: Մենք չենք կարողանում մեր աշխատած փողը վերցնենք, որ մեր հոգսը հոգանք»,- ասաց ֆաբրիկայի նախկին աշխատակից Հայկանուշ Գալստյանը:
168.am-ի հետ զրույցում աշխատակիցները նշեցին, որ այս հարցով դիմել են տարբեր օղակների, բայց ոչ մի արդյունքի չեն հասել: Սկզբնական շրջանում` տարիներ առաջ, դիմել են Ներքին գործերի նախարարություն, որտեղից ստացել են հետևյալ պատասխանը. «Դուք կին եք, զբաղվեք ձեր գործով, ինչի՞ եք ընկել դռնեդուռ»:
Ընկերությունն ունի շուրջ 60 մլն-ի գույք: Աշխատակիցները 3 տարի առաջ դիմել են դատարան, որից հետո դատավորը կայացրել է վճիռ, համաձայն որի՝ աշխատակիցներն իրենց գումարը կստանան այն բանից հետո, երբ գույքը կվաճառվի, և պետական վարկերը կմուծվեն, որը կազմում է 53 մլն:
Աշխատակիցների տեղեկություններով՝ ներկայումս գույքը գտնվում է Ներքին Չարբախի ինչ-որ քանդված հիմնարկում: Նրանց պնդմամբ՝ վաճառման ենթական գույք չկա: Կտորներ կան, որոնք ցեցը տարած է, ջարդած սեղաններ կան, շատ հին կարի մեքենաներ կան:
«Ինչի՞ պիտի ես ընկնեմ քուչաները, որ աշխատավարձս ստանամ, ես ողորմություն չեմ ուզում, ես իմ աշխատավարձն եմ ուզում: Բարերար չկա՞, որ Ոստիկանությանը հովանավորի՝ մեր աշխատավարձերը տան: Ոստիկանությունն էդքան աղքատ ա՞», – ասաց Սանամ Ավագյանը:
Աշխատակիցների համոզմամբ՝ Սամվել Բեկչյանն աշխատելու նպատակով չէր եկել, իրեն ուղարկել էին ֆաբրիկան քանդելու, ինչն էլ հաջողվեց: Իրենց կարծիքով՝ իրենք միտումնավոր սա արեցին, որ Քանաքեռի ֆաբրիկան աշխատի:
Դատարան դիմելուց հետո աշխատակիցները պարբերաբար Կառավարության շենքի մոտ բողոքի ձայն են բարձրացնում, բայց ոչ ոք չի արձագանքում:
«Մենք ո՞վ ենք, որ կարողանանք իրենց հանդիպել, իրենք անհասանելի են, ոստիկանապետին էլ ենք ուզեցել տեսնել, էլի չեն թողել: Նենց են մտնում, դուրս գալիս, չես հասցնում մի հատ ժպտալ»:
Նրանք մի քանի անգամ նամակ են գրել վարչապետին, բայց իրենց պնդմամբ՝ այն վարչապետին չի հասել, ամեն անգամ մի տեղ է հասել, վերջին անգամ՝ Արդարադատության նախարարություն:
«Հենց իմանում են՝ գործը Ոստիկանության հետ ա կապված, վախենում են: Ինչի՞ են վախենում Ոստիկանությունից, ոստիկանը մեզանից պիտի վախենա: Աշխատում ենք, էս երկիրը պահում ենք, ինչի՞ համար պիտի վախենանք», – ասաց Հայկանուշ Գալստյանը:
Ֆաբրիկան եղել է Կոմիտաս 15 հասցեում, բայց աշխատակիցների խոսքով՝ հիմա ֆաբրիկայի շենքը չկա, այն վաղուց վաճառվել է, շենքը քանդվել է և նորն է կառուցվում:
Գոհար Թամամյանի խոսքով՝ աշխատանքի էլ չեն կարողանում ընդունվել:
«Թոշակներն էլ Հրանուշ Հակոբյանը դարձրեց 63 տարեկանից, իրեն պետք էր, որ երկար կառչեր իր աթոռից, դե, խեղճ ժողովուրդ, գնա ու մեռի: Իրա տան երեխեքին չի կարողանում պահել, ասում ա՝ «արի տուն»»:
Աշխատակիցները հանդես եկան հետևյալ կոչով. «Խնդրում ենք, պարո՛ն վարչապետ, մեզ լսի՛ր: Մենք շատ անճար ենք, մենք մեղավոր չենք, որ էս օրենքները կան, մեղավոր չենք, որ մեր տնօրենը փախել ա, որ մեր Ոստիկանությունն էնքան անճար ա, որ չի կարողանում համարակալած մարդուն բռնի: Լացելու ա, բայց մենք ծիծաղում ենք»:
Անի Թորոսյան