Եվրամիությունը Հայաստանին 10 մլն եվրո տնտեսելու հնարավորություն է տվել

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ՀՀ պաշտոնյաները հայտարարում էին, թե շուտով ԵԱՏՄ-ից ներդրումներն առատորեն կհոսեն Հայաստան, քանի որ մենք եվրոպական երկրների հետ ունենք GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմ, որը թույլ է տալիս ապրանքները 0-ական մաքսատուրքով արտահանել Եվրոպա: Թե որքանո՞վ ԵԱՏՄ «ընտանիքում» գտնվելու այս տարիներին արդյունավետ օգտագործվեցին GSP+-ի տված առավելությունները, պաշտոնական վիճակագրությունը լռում է:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ GSP+-ից օգտվում է 8-9 երկիր, Հայաստանին այս առևտրային ռեժիմը բացառիկ հնարավորություն է տալիս դեպի ԵՄ արտոնյալ տարիֆային պայմաններով հայկական ծագման ապրանք արտահանել:

«Սա կարևո՞ր է մեր արտադրողների համար, թե՞ ոչ: Իհարկե, կարևոր է, որովհետև եթե GSP+-ը չլիներ, մենք դեպի ԵՄ ապրանքներ արտահանելիս պետք է այնտեղ մաքսատուրքեր վճարեինք: Սրա շնորհիվ է, որ մեր հարյուրների հասնող կազմակերպությունները ԵՄ արտահանում իրականացնելիս այնտեղ մաքսատուրքեր չեն վճարում: Եթե 2016թ.-ին փաստացի իրականացված արտահանումը կատարվեր GSP+ չլինելու դեպքում, մեր կազմակերպությունները կվճարեին առնվազն 10 մլն եվրո մաքսատուրք: Այսինքն` 1 տարվա կտրվածքով այս համակարգի շնորհիվ մենք 10 մլն եվրո թողել ենք անմիջապես մեր մասնավոր հատվածին: Այսքանով իրենց ապրանքը եվրոպական շուկայում էժանանում է, այսքանով իրենք պահում են այդ ֆինանսական ռեսուրսներն իրենց տնօրինության տակ, օգտագործում են իրենց բիզնեսի զարգացման համար: Սա, իհարկե, շատ կարևոր է, որովհետև ի վերջո, շատ պարզ մեխանիզմով իրենք օգտվում են այս մեխանիզմից»,- ասաց Գ.Մելքոնյանը:

Ըստ նրա` երբ խոսում են պոտենցիալ արտաքին ներդրողի հետ, պետք է երկիրն ունենա գրավչություն, իսկ Հայաստանը չունի նավթ, չունի գազ, շատ դեպքերում դեպի ծով ուղիղ ելքի բացակայությունն ունի բացասական հետևանք, և ունի փոքր շուկա.

«Ո՞րն է այն համեմատական գրավչությունը, որը մենք կարողանում ենք ներկայացնել օտարերկրյա ներդրողին: Որ մենք կարողացել ենք իրականացված առևտրային քաղաքականության արդյունքում ունենալ հասանելի շուկաներ: Մենք ինքներս, եթե առնվազն 20-30 մլն-անոց շուկա չունենք, բայց գոնե մեծ շուկաներում առևտրային տեսանկյունից հասանելիություն ապահովել ենք: Իրականում փաստն այն է, որ մեր տարածքում չկա որևէ այլ երկիր, որը նման հասանելիություն ունի դեպի և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ: Մեկը մեկի հետ է լավ, մեկը մյուսի հետ է լավ, մեկը՝ ո՛չ նրա, ո՛չ նրա հետ է լավ: Մեր պարագայում ես խոսում եմ ոչ թե քաղաքական ընդհանուր գնահատականի, այլ առևտրային ռեժիմի մասին: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ունենք առանց մաքսային ձևակերպումների ԵԱՏՄ արտահանելու հնարավորություն, դրանով հանդերձ՝ 9000 և ավելի ապրանքի պարագայում մենք ԵՄ ենք արտահանում 0 մաքսատուրքով: Սա նաև պոտենցիալ ներդրողի տեսանկյունից գրավչություն է»:

Փոխնախարարի խոսքով` սրան գումարվում է նաև Իրանի գործոնը, որը նույնպես հետաքրքիր է, քանի որ շատ բիզնեսմեններ մտածում են գնալ դեպի Իրան, բայց հասկանալով, որ այնտեղ օրենսդրությունը ոչ այնքան դասական կարգավորումներ ունի, որովհետև Իրանն իր տնտեսական օրենսդրության տեսանկյունից բավականին տարբերվում է, շատերը նախընտրում են՝ գան, տեղակայվեն Հայաստանում և Հայաստանից բիզնես անեն: Այսինքն, ըստ նրա՝ սրանք գործիքներ են, որոնք պետք է զարգացնել, ցույց տալ պոտենցիալ ներդրողին և հնարավորինս սրա վրա նաև կառուցել երկրի բիզնես գրավչությունը:

Դիտարկմանը, որ պաշտոնյաները շատ են օգտագործում «պետք է» արտահայտությունը, իսկ արդեն ի՞նչ է արվել, արվածի արդյունավետության գնահատական կա՞, Գ.Մելքոնյանը պատասխանեց, որ 2016-ի ընթացքում 400-ից ավելի ընկերություն փաստացի դիմել և ստացել է «Ա» ձևանմուշի սերտիֆիկատ, որը նշանակում է, որ դա դիմում է GSP+-ի համար, հակառակ դեպքում «Ա» ձևանմուշ չեն վերցնի: Նրա խոսքով` 2015թ.-ին 2016թ. համեմատ GSP+-ի շրջանակներում արտահանում իրականացրած կազմակերպությունների թիվն ավելացել է մոտ 11%-ով, վերջին 2-3 տարվա կտրվածքով` 2016-ը 2013-ի հետ համեմատելու դեպքում՝ GSP+-ի մեր օգտագործելիության մակարդակը 71%-ից բարձրացել է 82%-ի: Այսինքն, նշեց փոխնախարարը, այն ապրանքները, որ ըստ էության կարող էին օգտվել GSP+-ից, 2016-ին տարեկան կտրվածքով 82%-ի պարագայում փաստացի օգտվել են:

Հարցին, թե որքանո՞վ է GSP+-ը նպաստել, որ ԵԱՏՄ ներդրողները գան Հայաստան, և արդյո՞ք ԵԱՏՄ-ում ստեղծվելիք «Արտադրված է ԵԱՏՄ-ում» մակնշումը չի խանգարի GSP+-ի կիրառմանը, Գ.Մելքոնյանը պատասխանեց, որ չի խանգարի, բայց ՀՀ-ն որպես երկիր, որպես գործընկեր է հանդես գալիս ԵՄ-ի հետ, և այս ամենը վերաբերում է միայն հայկական ծագմամբ ապրանքներին.

«Եթե ապրանքը ստանում է Հայաստանի ծագման սերտիֆիկատ, դա նշանակում է, որ կազմակերպությունը Հայաստանի ռեզիդենտ է, այսինքն` ապրանքն արտադրվում է այստեղ, հարկը վճարվում է այստեղ, աշխատատեղը ստեղծվում է այստեղ, հայկական ծագման սերտիֆիկատով ապրանքն արտահանվում է դուրս: Իսկ թե ով է սեփականատերը, այդքան էլ էական չէ, քանի որ, եթե խոսում ենք ներդրում բերելու մասին, ճիշտ չէ սեփականատիրոջ ծագումը կարևորել: Կարևորը նա է, որ կազմակերպությունը լինի այստեղ, ստեղծի ավելացված արժեք, ստեղծի աշխատատեղ, ստեղծի տնտեսական գործունեություն, հարկ տա բյուջեին և կարողանա աշխատանքով ապահովել մարդկանց»:

Գ.Մելքոնյանը նաև տեղեկացրեց մի նորույթի մասին` ԵՄ-ն վերջերս ստեղծել է REX կոչվող համակարգը, և Հայաստանն ընդգրկվելու է դրանում.

«Սա նորույթ է և՛ Եվրոպական միության համար ընդհանուր առմամբ, և՛ հատկապես մեզ համար: Մենք ԵՄ-ի հետ մեր երկխոսության շրջանակներում եկանք համատեղ ընդհանուր որոշման, որ 2018 թ. հունվարից Հայաստանը մտնում է այս համակարգի մեջ: Սա նշանակում է, որ մենք ունենում ենք մի իրավիճակ, որ հայկական արտահանող կազմակերպությունները կարողանալու են ԵՄ մինչև 6000 եվրոյի ապրանք արտահանելու պարագայում արտահանումն իրականացնել առանց ծագման սերտիֆիկատի` օգտվելով GSP+-ից:

Դրա համար առաջիկա ամիսներին մենք մանրամասն կհայտարարենք, կներկայացնենք: Կազմակերպությունը կարող է գալ և գրանցվել, դրվում է ինքնահայտարարագրման սկզբունքը, եթե բավարարում է այդ մոտեցումներին, իսկ դրանք շատ ծանր չեն լինելու, դրանով ԵՄ-ն համարում է, որ ճանաչում է տվյալ կազմակերպությունը, համարում է, որ այդ ապրանքն իրոք նա է արտահանում, և մինչև 6000 եվրո խմբաքանակ ապրանքների արտահանման դեպքում այլևս գլխացավանք չի ստեղծում, որ սերտիֆիկատի համար գումար և ժամանակ ծախսի: Սա առաջին անգամ է, որ արտոնյալ ռեժիմից օգտվելու համար հնարավորություն է ստեղծվում առանց ծագման սերտիֆիկատի գնալ այդ գործընթացին: Կազմակերպությունը մի անգամ գրանցվում է համակարգում, և վերջ:

Ամեն նոր խմբաքանակի համար այլևս նոր պահանջներ չկան` արտահանում են առանց ծագման սերտիֆիկատի` օգտվելով GSP+-ից: Սա նորարարություն է, և կարծում եմ՝ բավականին արդյունավետ կլինի, քանի որ ուղղված է հատկապես փոքր արտահանողներին»:

Տեսանյութեր

Լրահոս