«Թուրքիան փորձում է Նախիջևանն ամուր հենակետ դարձնել Հարավային Կովկասում, օգտագործել Նախիջևանի աշխարհագրական դիրքը». թուրքագետ
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ Նախիջևանում, որը պաշտոնապես համարվում է Ադրբեջանի Հանրապետության տարածք, հաճախ են տեղի ունենում թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որոնց նպատակը Նախիջևանում թուրքական իշխանության ամրապնդումն է։
«Նույնիսկ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ Նախիջևանում կյանքի պայմաններն այնքան վատն են, որ բնակչությունն արտագաղթում է ավելի շատ Թուրքիա, որը փոխարինվում է թուրք և քուրդ բնակչությամբ, և այս առումով կարող ենք նշել, որ Թուրքիան ներկայումս փորձում է Նախիջևանը բավականին ամուր հենակետ դարձնել Հարավային Կովկասում, օգտագործել Նախիջևանի աշխարհագրական դիրքը»,- նկատեց բանախոսը։
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե հնարավոր է՝ Նախիջևանը միանա Թուրքիային, որովհետև այնտեղ օգտագործվելու է թուրքական լիրա և 1 մլրդ դոլարի շրջանառություն է լինելու, որը նաև հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը, և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Թուրքիան ցանկանում է Նախիջևանում ստեղծել այն տարածքային սահմանն Ադրբեջանի հետ, որը մինչ այժմ չի ունեցել, թուրքագետն ասաց. «Հարավային Կովկասում ազդեցություն ապահովելու տեսանկյունից Նախիջևանը բավական հարմարավետ աշխարհագրական դիրքում է, և ասենք, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է մեծացնել իր ազդեցությունը Նախիջևանում՝ ինչպես՝ ֆինանսական, այնպես էլ՝ դեմոգրաֆիկ առումով։ Այնուամենայնիվ, կարող ենք նշել, որ ներկայումս Նախիջևանը դե յուրե համարվում է Ադրբեջանի Հանրապետության տարածք, որևէ պաշտոնական քննարկում չկա Նախիջևանը Թուրքիայի հետ դե յուրե միավորելու վերաբերյալ»։
Քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը կանխատեսել էր, թե հաջորդ պայթյունը, հնարավոր է՝ իրականացվի Թուրքիայում: Այս առնչությամբ Մ. Խուդավերդյանն ասաց, որ «Իսլամական պետությունը» միշտ էլ գործիք է հանդիսացել մի շարք գերտերությունների, հատկապես՝ արևմտյան գերտերությունների ձեռքին՝ իրենց նպատակներն իրականացնելու և ճնշումներ գործադրելու համար այն երկրների, կազմավորումների վրա, որոնք չեն առաջնորդվում իրենց շահերով.
«Այս առումով Թուրքիա-Արևմուտք լարվածության ֆոնին հնարավոր են հետագա ահաբեկչություններ հենց «Իսլամական պետության» կողմից։ Ահաբեկչությունը կարող է կատարվել ինչպես՝ վերջինիս, այնպես էլ՝ քրդական միավորումների կողմից, որոնք ևս ահաբեկչական առումով ակտիվ են Թուրքիայում»։
Ռոզա Հակոբյան