«Հայաստանն ու Վրաստանը չի կարելի դիտել՝ որպես Ռուսաստանի ունեցվածք». Բենիամին Ֆրիկե

Հայաստանն ու Վրաստանը չի կարելի դիտել՝ որպես Ռուսաստանի տարածքներ կամ ունեցվածք: Այս մասին այսօր «ՆԱՏՕ-ն` որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում. Ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները տարածաշրջանում» սեմինարի ժամանակ հայտարարեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գիտաշխատող Բենիամին Ֆրիկեն: Սեմինարը կազմակերպել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը` «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ:

«Հայաստանն ու Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց ընտրվել են ՆԱՏՕ-ի կողմից` հատուկ հարաբերությունները խորացնելու համար, որովհետև դուք կարող եք դեսպան լինել Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները լավացնելու խնդրում: Ռուսաստանը դիտարկվում է՝ որպես ամենամեծ սպառնալիքը ՆԱՏՕ-ի երկրների համար, հատկապես` տեղեկատվական կամպանիաների առումով»,- ասաց Ֆրիկեն:

ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության փորձագետ Մագնուս Էյջոլֆսոնի խոսքով` Վրաստանը շատ յուրահատուկ գործընկեր է ՆԱՏՕ-ի համար. «Ունենք բավականին նշանակալի Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթ: Պատրաստվում ենք Վրաստանի վերջնական անդամությանը, թեև դեռ շատ անելիքներ կան, անդամ պետությունները շատ խիստ հետևում են իրադարձություններին»:

Մ. Էյջոլֆսոն նշեց, որ ՆԱՏՕ-ն չեզոքություն է պահպանում ԼՂ հարցում, բայց ՆԱՏՕ-ն 29 անդամ պետություն ունի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր արտաքին քաղաքականությունը: Ըստ նրա` դա չի մտնում ՆԱՏՕ-ի որոշումների մեջ:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Վիլլիամ Լահուի կարծիքով` ՆԱՏՕ-ի անհատ դաշնակիցները շատ ճնշում են գործադրում Թուրքիայի վրա` ժողովրդավարության և այլ առումներով:

Նա նշեց, որ Թուրքիան վերջերս քննարկում էր Չինաստանից հակահրթիռային համակարգերի գնման հարցը, քանի որ չինական համակարգն ավելի էժան է. «Սակայն Թուրքիան ՆԱՏՕ-ի միասնական ՀՕՊ համակարգում է, և, եթե Թուրքիան ձեռք բերեր չինական համակարգը, ՆԱՏՕ-ն կզգուշացներ մյուս անդամներին, որ, եթե այն մտցնեն ընդհանուր համակարգի մեջ, մեծ խոցելիություն է առաջանում չինական հակերների համար, և Թուրքիան ստիպված եղավ հրաժարվել դրանից: Հիմա Թուրքիան ձեռք է բերում ռուսական ՀՕՊ համակարգեր, բայց չի կարողանա դրանք միացնել ՆԱՏՕ-ի ընդհանուր համակարգին»:

Անդրադառնալով Վրաստանի անդամությանը ՆԱՏՕ-ին` Վ. Լահուն նշեց, որ այդ դեպքում, եթե Ռուսաստանը որոշի տարածաշրջանում մեծացնել իր ռազմական ներկայությունը, կամ սպառնա Վրաստանին, Վրաստանը կմտնի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի պաշտպանության տակ և չի մտահոգվի ռուսական ռազմական ներկայությունից. «ՌԴ-ն էլ երկար կմտածի, մինչև որևէ սպառնալիք անի Վրաստանի դեմ»:

Տեսանյութեր

Լրահոս