«Մի բան որ ասում ես աշակերտներին, ուշադրություն չեն դարձնում ու պատասխանում են. «Ինտերնետում կա, կկարդանք»»
40 տարի առաջ. Սաթենիկ Միխայլովնայի մանկավարժության ուղին։ Դպրոցում դասամիջոց է: Աջ-ձախ աշակերտներն են քայլում, վազում, ելումուտ անում, սակայն նախկին աշխուժությունից տարբերվում է այս ամենը: Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցում էլ է պակասել աշակերտների թիվը, ինչպես բոլոր դպրոցներիում: Այս մասին գրում է asparez.am-ը։
Ուսուցչանոցից դուրս է գալիս ընկեր Բադալյանը, ձեռքին բանալի է: Հանգիստ զրույցի համար նա դպրոցի երկհարկանի շենքում դասասենյակ է փնտրում՝ անաղմուկ ու հարմարավետ մի անկյուն:
Շուրջ 32 տարի Սաթենիկ Բադալյանն աշխատում է Գյումրու թիվ 30 դպրոցում՝ նախ որպես ռուսաց լեզվի փոխարինող ուսուցչուհի, ապա՝ հիմնական: 1992-ին նույն դպրոցում դաստիարակության գծով փոխտնօրեն է աշխատել, մեկ տարի անց՝ ուսումնական մասի վարիչ, այսօր տնօրենի ուսումնական գծով տեղակալն է:
Ս.Բադալյանը մինչ այս դպրոցը 8 տարի աշխատել է նաեւ Շիրակի մարզի Արեւշատի միջնակարգ դպրոցում: 1975 թվականին, երբ ավարտել է Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտը, նրան աշխատանքի են ընդունել Արեւշատի դպրոցում:
4 տասնամյակ դպրոցական համակարգում աշխատող մանկավարժը պատմում է, որ մասնագիտության ընտրությունը պատահական չի եղել: Նրա մայրը՝ Սեդա Հովհաննիսյանը, աշխատել է Լենինականի Մայակովսկու անվան 5-րդ դպրոցում՝ որպես դասվար:
«Մայրս այդ դպրոցի լավագույն դասվարներից էր. մորս՝ դպրոցի, դաստիարակության գործի, կրթության հանդեպ նվիրվածությունը ստիպեց ինձ ընտրել մանկավարժի մասնագիտությունը: Ես սիրել եմ մանկավարժությունը, մինչեւ հիմա էլ սիրում եմ: Այս տարիքում էլ չեմ փոշմանել, որ ընտրել եմ մանկավարժի վեհ մասնագիտությունը: Ես ինձ չեմ պատկերացնում առանց դպրոց, ամբողջովին դպրոցին եմ նվիրված»,-ասում է մանկավարժը:
Սաթենիկ Միխայլովնա. այսպես են ընկեր Բադալյանին հիմնականում անվանել նախկին աշակերտներն ու գործընկերները, դպրոցում ընկեր Բադալյանը դասավանդել է ռուսերեն:
«Ռուսաց լեզուն մեզ համար 2-րդ մայր լեզու էր: Երբ օտար լեզու համարվեց, ուշադրություն չդարձվեց ռուսերենին, հետաքրքրութունը պակասեց: Այն երեխաների համար շատ ընկալելի, ընդունելի լեզու էր, հիմա էլ սիրում են եւ սիրով մասնակցում են այդ դասերին»,-ասում է նա:
3 տարի առաջ Սաթենիկ Բադալյանը՝ որպես տնօրենի ուսումնական գծով տեղակալ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի կողմից պարգեւատրվեց պատվոգրով:
Այս վերջին 3 տարում Սաթենիկ Միխայլովնան միայն ուսումնական աշխատանքներով է զբաղված, չի դասավանդում:
Փորձառու մանկավարժը բարձրաձայնում է, որ նախկին ու ներկա սերունդը տարբերվում են, պատճառները խորքային են:
«Տարբերությունը շատ նկատելի է, ամեն տարի սերնդի վերաբերմունքը ուսման, դաստիարակության հանդեպ փոխվում է, երեւի պատճառներից մեկն այն է, որ այս տեխնոլոգիաների դարում ենք ապրում: Բոլոր դեպքերում վատ սերունդ չէ, բայց այս սերնդի մեջ պատասխանատվության զգացումի պակաս կա, անպատասխանատու վերաբերմունք ունեն ոչ միայն կրթության հանդեպ, այլեւ ընդհանրապես, լրջություն չկա, հատկապես ուսման հանդեպ»,-համեմատություններ անելիս՝ ասում է Ս.Բադալյանն ու շարունակում.
-Այն ժամանակ ուսուցչի խոսքը հեղինակություն էր, ուսուցչի պահվածքը հեղինակություն էր, ուսուցչի կեցվածքը դասարանում հեղինակություն էր, աշակերտները փորձում էին նմանվել ուսուցիչներին, բայց հիմա, այս տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, մի բան որ ասում ես աշակերտներին, ուշադրություն չեն դարձնում ու պատասխանում են. «Ինտերնետում կա, կկարդանք»:
Մանկավարժն ընդգծում է, որ այսօր փոխվել է նաեւ ծնողի վերաբերմունքը կրթության եւ ուսման հանդեպ, որն անբացատրելի է:
Հիմա կարող է 20 հոգանոց դասարանից 1-2 ծնող ամիսը մեկ անգամ գա, հետաքրքրվի իր երեխայի կրթության հարցերով: Երբ հարցնում ենք, թե ինչու չեք գալիս դպրոց, կապ չեք հաստատում դպրոցի հետ, պատճառաբանում են, թե զբաղված են, հազիվ օրվա հաց են հայթայթում: Ասում են. «մեզ ավելի շատ կենցաղի հոգսն է հետաքրքրում, քան թե կրթության հարցերը»:
Անի Մկրտչյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։