Բաժիններ՝

«Որտեղ էլ լինեմ՝ փորձելու եմ հնարավորինս օգտակար լինել Հայաստանին». ասում է Վարշավայի համալսարանի հայ դոկտորանտը

«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն այս անգամ ներկայացնում է Վարշավայի համալսարանի դոկտորանտ Տիգրան Օհանյանի պատմությունը։ Տիգրանն այն դոկտորանտն է, որի ներկայությունից Վարշավայի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը վախեցել էր  և դուրս եկել դահլիճից:

Տիգրանը նույնպես որոշել էր ներկա գտնվել և մյուսների նման հարցեր տալ դեսպանին, սակայն ներս մտնելուց հետո հայացքն ուղղելով դեպի Տիգրանին՝ դեսպան Հասանովը հայտարարել էր.

«Ես այս տղային ճանաչում եմ: Նա հայ է: Չեմ խոսի՝ մինչև դուրս չգա»: Նա լքել է դահլիճը: Մինչ այդ Ադրբեջանի դեսպանը Վարշավայում ևս մեկ անգամ հանդիպում է ունեցել Վարշավայի համալսարանի ուսանողների հետ, որին մասնակցել էր Տիգրան Օհանյանը: Այդ հանդիպմանը դեսպանը հայտարարել էր, թե «հայերը եկվորներ են ու բարբարոսներ»:

Տիգրան Օհանյանը դեսպանին հարց էր ուղղել, թե ադրբեջանցի գիտնականների պնդմամբ՝ Վարշավան ու Թբիլիսին էլ ադրբեջանական հողեր են: Հայ դոկտորանտի հարցը զայրացրել էր Հասանովին: «Իրեն բնորոշ ձևով գազազեց ու հայտարարեց, որ ես, լեհերն ու մնացածները պիտի այրվենք դժոխքում, ու դուրս եկավ դահլիճից»,­- հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր Օհանյանը:

Կարդացեք նաև

Տիգրանը մեզ հետ զրույցում խոսելով Վարշավայում կրթությունը շարունակելու մասին՝ նշեց, որ աշխարհընկալման առումով իր համար մեծ դեր է ունեցել աշխատանքն արտաքին կապերի ոլորտում, նաև՝ հասարակական կազմակերպությունը, որը ստեղծել են 2010 թվականից: Դեռևս ուսանողական տարիներից նա բազմիցս մեկնել է արտերկիր և մասնակցել տարաբնույթ երիտասարդական միջոցառումների։ ՀՀ-ում էլ կազմակերպել և իրականացրել է մի շարք երիտասարդական ծրագրեր։

«Շփվելով տարբեր երկրների ակտիվ երիտասարդության հետ՝ լրացուցիչ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման անհրաժեշտություն զգացի: Եվ այդ բացը կարողացա լրացնել 2013 թվականին։ Արժանանալով Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակին՝ մեկնեցի Լեհաստան՝ Վարշավայի համալսարանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրության կենտրոնում կատարելու հետազոտական աշխատանք։

2014 թվականին, հետազոտական աշխատանքն ավարտելուց հետո, ընդունվեցի Վարշավայի համալսարանի քաղաքական գիտությունների և միջազգային ուսուցման ֆակուլտետի դոկտորանտուրա և, արժանանալով հումանիտար ոլորտում ուսուցման Լեհաստանի Կառավարության Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիների համար նախատեսված կրթաթոշակի` սկսեցի դոկտորական հետազոտությունս միջազգային հարաբերությունների ոլորտում։ 2016 և 2017 թվականներին արժանացել եմ Վիշեգրադ հիմնադրամի կրթաթոշակին, ինչը համարում եմ էլ ավելի մոտիվացնող»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Տիգրանի խոսքով՝ Վարշավայի համալսարանում առօրյան բավականին հագեցած է.

«Այստեղ ուսումնական տարին 2 կիսամյակից է բաղկացած։ Տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից և ավարտվում հունիսի 30-ին։ Մասնագիտական առարկաներից բացի՝ յուրաքանչյուր օր կազմակերպվում են նաև բաց դասախոսություններ, գիտաժողովներ, հանդիպումներ հանրային կարևորություն ունեցող անձանց հետ, և մենք փորձում ենք առավելագույնը հասցնել։ Դեռ ավելին` համալսարանը լեզուների բարձր մակարդակի ուսուցման հնարավորություն է ընձեռում իր ուսանողներին: Եվ ես, առիթը բաց չթողնելով, կատարելագործել եմ անգլերեն (C1) և լեհերեն (B2) լեզուների իմացությունս»։

«Հաշվի առնելով բազմաթիվ մշակութային և սպորտային կենտրոնների, թանգարանների և այլ ժամանցի վայրերի առկայությունը՝ հասկանալի է դառնում, որ Վարշավայում կյանքը բավականին ակտիվ է»,- ասում է Տիգրանը՝ հավելելով, որ այնտեղ է գտնվում Կոպեռնիկոսի կենտրոնը, որտեղ ներկայացվում են տարբեր ժամանակների գիտական հայտնագործությունները։

«Վարշավան աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ծննդավայրն է, և այստեղ՝ տարբեր վայրերում, հաճախակի հնչում է Ֆրեդերիկ Շոպենի երաժշտությունը։

Ուշադրության են արժանանում քաղաքում տեղադրված նստարանները, որոնց սեղմակը սեղմելով՝ կարելի է լսել Շոպենի որևէ ստեղծագործություն։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում նստարանին նստելով՝ լսել Արամ Խաչատրյանի որևէ ստեղծագործություն։ Ի դեպ, ես առիթ ունեցա լսելու Արամ Խաչատրյանի երաժշտությունը, բայց ոչ թե Հայաստանում, այլ այստեղ։ Վիսլա գետի վրայով ամռան ամիսներին երթևեկում են ջրային տրամվայները, և անցած տարի այստեղ զբոսնելիս լսեցի, թե ինչպես է նավի վրա հնչում Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»»,- պատմում է նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանի և Եվրոպայի կրթական համակարգերի տարբերությունները շատ մեծ է. «Հայաստանում մենք ստանում ենք հիմնականում տեսական գիտելիքներ։ Այստեղ շեշտը դրված է վերլուծական գիտելիքների վրա։ Բոլոր առարկաներից քննությունն իր մեջ պարտադիր ներառում է վերլուծական աշխատանք։ Բացի այդ, համալսարանն աջակցում է ուսանողներին՝ պրակտիկա անցնելու հարցում։

Արժանանալով «Էրասմուս-պրակտիկ» կրթաթոշակին՝ 2 ամիս պրակտիկա եմ անցել Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում։ Ստրասբուրգում ապրելն առիթ դարձավ ֆրանսերեն լեզվի ուսուցմանը սկիզբ դնելու համար։ Լինելով միջազգային հարաբերությունների ոլորտի դոկտորանտ՝ մասնագիտական առումով շատ կարևոր էր նման պրակտիկան։ Բացի այդ, համալսարանն ամեն տարի հայտարարում է դրամաշնորհի մրցույթ՝ երիտասարդ գիտնականների համար, որին ես արժանացա անցած տարի և հրատարակեցի գիտական  հոդվածների ժողովածու՝ «Լեհաստանի արևելյան քաղաքականությունը 2015 թվականից առաջ և հետո» վերտառությամբ»։

Վարշավայի համալսարանը, ըստ Տիգրանի՝ ունի իր էլեկտրոնային համակարգը, որի միջոցով ուսանողն ընտրում է իր առարկաները, ծանոթանում առարկայի բովանդակությանը և մասնագիտական գրականությանը.

«Համալսարանի գրադարանն իր մեջ ներառում է ընդգրկուն հավաքածու տարբեր լեզուներով։ Այնտեղ գրքեր կան նաև հայերեն լեզվով։ Գրադարանի էլեկտրոնային կատալոգը հնարավորություն է տալիս գտնել քո ուզած գիրքը և ճշտել, թե գրադարանի որ  հատվածում է այդ գիրքը տեղադրված։ Գրադարանում ստեղծված են շատ լավ պայմաններ ուսանողների համար։

Ես շատ կուզենայի, որ նման գրադարան մենք ունենայինք նաև Հայաստանում»։
Նրա դիտարկմամբ՝ հայկական բուհական համակարգը հիմնված է տեսական գիտելիքների վրա, իսկ լեհական համակարգը, որը եվրոպական կրթական համակարգի մի մասն է, հիմնված է վերլուծական կարողությունների զարգացման վրա. «Բացի այդ՝ համալսարանը բավարար պայմաններ ստեղծում է դասապրոցեսն արդյունավետ կազմակերպելու և պրակտիկ հմտություններ ձեռք բերելու համար»։

Տիգրանն ընդգծում է՝ Վարշավայի համալսարանում դասավանդում են բարձրակարգ մասնագետներ, և ուսումնական պրոցեսում տարբերություն ուսանողների միջև չի դրվում. «Մեզ հետ նույն խմբում  սովորում են ոչ միայն լեհեր, այլ նաև կան ուսանողներ Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից։ Ուսուցումը հիմնականում լեհերեն լեզվով է կազմակերպվում, ինչը օգնում է լեհերեն լեզվի կատարելագործման հարցում։ Լեհ ուսանողների հետ շփումը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացում կազմել լեհական մշակույթի, սովորույթների և ավանդույթների մասին»։

Նա նշեց, որ այս տարի նշվում է Հայ Առաքելական եկեղեցու՝ Լեհաստանի թագավոր Կազիմիեժ Մեծի կողմից ճանաչելու 650-ամյակը, որի կապակցությամբ տարբեր միջոցառումներ են իրականացվել, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչների ընդունելություն Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի կողմից։
Ինչ վերաբերում է ապագայի պլաններին, մեր զրուցակիցն ասաց, որ ծրագրերը բազում են, բայց դեռ չգիտի՝ կվերադառնա՞ հայրենիք, թե՞ ոչ.  «Որտեղ էլ լինեմ՝ փորձելու եմ հնարավորինս օգտակար լինել Հայաստանին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս