Ադրբեջանի դեսպանը Վարշավայի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը վախեցել է հայ դոկտորանտի ներկայությունից
Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը Վարշավայի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ընթացքում վախեցել է համալսարանի հայ դոկտորանտ Տիգրան Օհանյանի ներկայությունից և հրաժարվել է խոսել մինչև նա դուրս չգա դահլիճից։ Այս մասին Տիգրան Օհանյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր
էջում:
«Երեկ Վարշավայի համալսարանում ուսանողների հետ հանդիպում էր Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը: Որոշեցի ներկա գտնվել և մյուսների նման հարցեր տալ: Ներս մտնելուց հետո հայացքը ուղղելով դեպի ինձ, հայտարարեց․
«Ես այս տղային ճանաչում եմ: Նա հայ է: Չեմ խոսի մինչև դուրս չգա»: Ես լքեցի դահլիճը»,-գրել է Տիգրան Օհանյանը:
Մինչ այդ Ադրբեջանի դեսպանը Վարշավայում ևս մեկ անգամ հանդիպում է ունեցել Վարշավայի համալսարանի ուսանողների հետ, որին մասնակցել է նաև Տիգրան Օհանյանը: Այդ հանդիպմանը դեսպանը հայտարարել է, թե «հայերը եկվորներ են ու բարբարոսներ»:
Տիգրան Օհանյանը դեսպանին հարց է ուղղել այն մասին, թե ադրբեջանցի գիտնականների պնդմամբ Վարշավան ու Թբիլիսին էլ ադրբեջանական հողեր են: Հայ դոկտորանտի հարցը զայրացրել է Հասանովին: «Իրեն բնորոշ ձևով գազազեց ու հայտարարեց որ ես, լեհերն ու մնացածները պիտի այրվենք դժոխքում ու դուրս եկավ դահլիճից»,տեղեկացնում է Օհանյանը: