«Ես կասկածում եմ, որ ամերիկացիները կգան և Հայաստանում նման ներդրումներ կանեն»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով, և շուրջ 8 մլրդ դոլարի ներդրումային համագործակցության հնարավորություն կա։ Համաժողովին մասնակցում էին վերականգնվող էներգետիկայի ամերիկյան 7 խոշոր ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարով:

Այդ ընկերություններն ու շուրջ 70 հայկական ընկերություններ պետք է քննարկեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակները: Այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ:

– Պարոն Խուրշուդյան, որքանո՞վ է իրատեսական ԱՄՆ դեսպանի հայտարարած՝ 8 միլիարդ դոլար ներդրումների հնարավորությունն էներգետիկ ոլորտում։ Ի՞նչ կառուցվածքային փոփոխությունների կարող է ենթարկվել Հայաստանի էներգետիկ համակարգը՝ այդ ներդրումների իրականացման պարագայում։

– Այդ հարցը շարունակում է շրջանառվել, դեսպանատունն էլ պարզաբանում տվեց. եկեք մի բան հասկանանք՝ ես չեմ ուզում, որ «փչացած հեռախոսի» նման այս ամենը զարգանա և հասնի նրան, որ ամերիկացիները ցանկանում են 8 մլրդ ներդնել։ Խոսքը վերաբերում է Հայաստանի էներգետիկ պոտենցիալին. հետազոտություն է եղել, և Հայաստանում երկարատև ժամանակահատվածում նման պոտենցիալ կա։ Ըստ այդ հետազոտության՝ կամ մեր ատոմակայանը փակվում է, նոր ներդրումների մասին է խոսվում, կամ՝ նոր ատոմակայանի։ Այդ գումարի մեծ մասը, պարզ է, որ պետք է ներդրվի։ Եթե նոր ատոմակայան ստեղծենք, կարելի է մոտ 10 մլրդ դոլար ներդրումների մասին էլ խոսել։

Կարդացեք նաև

Այսինքն՝ խոսքը զուտ Հայաստանի տնտեսական պոտենցիալի, էներգետիկ ոլորտում ներդրումների մասին է։ Թե այդ ներդրումներն ով ու ինչ պայմաններով կանի, ես չեմ կարող ասել։ Ես կասկածում եմ, որ ամերիկացիները կգան և Հայաստանում նման ներդրումներ կանեն, որովհետև բազմաթիվ ռիսկեր կան։ Եթե նույնիսկ ներդրում անեն, ապա դա կարող է վարկի տեսքով լինել: Այսինքն՝ վարկերը տան՝ ռիսկերը թողնելով մեր երկրի վրա։ Երբ ասում ենք՝ ներդրում, դա չի նշանակում՝ ինչ-որ մեկը գա և այստեղ ինչ-որ բան ստեղծի. տարբեր ֆորմատներով ներդրումներ կարող են լինել։ Ամեն դեպքում, այն, որ էներգետիկ համակարգում ներդրումների մեծ դաշտ ունենք, փաստ է, որովհետև էներգետիկ արտադրողները հնանում են, և նորերը պետք է ստեղծվեն։

Արևմտյան կողմը՝ Եվրոպայի և Ամերիկայի գլխավորությամբ, միշտ այն գիծն է առաջ տարել, թե՝ փակեք ատոմակայանը, այլընտրանքային էներգիա ստեղծեք։ Եթե պահում ենք ատոմակայանը, նման մեծ այլընտրանքային էներգիայի ոլորտում ներդրում անել, նշանակում է՝ սակագինը կտրուկ բարձրացնել, որովհետև այլընտրանքային հոսանքը թանկ է. արդյո՞ք մենք ուզում ենք այդ թանկ հոսանքը։ Այդ հոսանքի արժեքի առումով դեսպանը ոչինչ չի ասել։ Թող հետազոտություն անցկացնեն, թե այլընտրանքային էներգիայի դեպքում արժեքն ինչքա՞ն է լինելու. իրականում պետք է բարձրանա։

– ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից նշում են, որ ատոմակայանը չի փակվելու։

– Այո, մեզ մոտ փորձում են՝ որքան հնարավոր է՝ երկարացնել ատոմակայանի կյանքը։ Մենք այդ ուղին ենք ընտրել։

– Արդյո՞ք էներգետիկ ոլորտում նման խոշորամասշտաբ ներդրումները չեն հանդիպի ռուսական հակազդեցությանը՝ հաշվի առնելով էներգետիկ համակարգում Ռուսաստանի, ռուսական ընկերությունների դոմինանտ ներկայացվածությունը։

– Ֆինանսական ճգնաժամից առաջ Ռուսաստանն ագրեսիվ քաղաքականություն էր վարում, բայց ճգնաժամից հետո այդ ագրեսիվ քաղաքականության գումարները քչացան։ Զուտ տնտեսապես ես չեմ տեսնում նման հակաքայլ։ Ի դեպ, արդեն ունենք փորձ, երբ ամերիկացիները նման ներդրում արեցին, և ռուսական կողմից հակաքայլ չեղավ։ Ավելին, այս ընթացքում բաշխիչ ցանցերը, օրինակ, վաճառվեց ռուսների կողմից։ Այսինքն՝ զուտ տնտեսական գործիքներով նման ագրեսիվ հակաքայլի տեղ, ոչ էլ ցանկություն չեմ տեսնում։ Իսկ քաղաքական ինչ-որ քայլերի կգնա՞ն, թե՞ ոչ, չեմ կարող ասել։

– Էներգետիկ ոլորտում նոր ներդրումներն ու նոր կարողությունների գործարկումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի արտադրության զգալի ավելցուկի, ինչի արդյունքում կառաջանա այն արտահանելու հնարավորություն։ Որո՞նք կարող են լինել արտահանման հիմնական ուղղությունները, և տարածաշրջանի էներգետիկ շուկայում ի՞նչ դերակատարում կարող է ստանձնել Հայաստանը, էլեկտրաէներգիայի շուկայի ո՞ր մասը կարող է զբաղեցնել հայկական արտադրության էլեկտրաէներգիան։

– Էներգետիկ լոբբին միշտ ցանկանում է արտադրությունը շատացնել, միշտ այդպես է եղել, և որպես փաստարկ՝ բերում են ձեր նշած հնարավորությունները, որոնք կան, բայց քաղաքական դաշտում։ Այդ հնարավորությունները շատ մեծ են, բայց առանց քաղաքական բաղադրիչի՝ անհնար է լուծում ստանալ։ Մեր տարածաշրջանում շատ մեծ էներգետիկ պահանջարկ կա. խոսքն Իրաքի, Թուրքիայի մասին է։ Իրանն ինչ-որ տեղ լուծում է այդ խնդիրը, մենք հոսանքը փոխանակում ենք, և առաջիկայում դա էլ կմեծանա, բայց ոչ այնքան, որքան Իրաքի դեպքում կարող է լինել։ Սակայն այդ շուկաներ դուրս գալու համար շատ լուրջ քաղաքական հարցեր պետք է լուծվեն։

Հեռանկարն անընդհատ կա, բայց քաղաքական խնդիրները ոչ թե բարելավվում, այլ ընդհակառակը՝ խորանում են։ Այդ քաղաքական ռիսկն ո՞վ վերցնի իր վրա։ Եթե այստեղ ինչ-որ մասնավոր մեծ ներդրում արվի, և հետո արտադրողը քաղաքական ռիսկն իր վրա վերցնի, ապա ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Բայց այդ քաղաքական ռիսկը կարող է ընկնել ՀՀ-ի վրա, կամ բյուջեի, պետական միջոցների վրա, այսինքն՝ վարկերի մասնակցության կամ սակագնի ծրագիր լինի, այդ սակագինը բնակչության վրա ընկնի. այդ երկու լուծումներին ես կասեմ՝ ոչ։

Մեծ ռիսկի պետք չէ գնալ, որովհետև նախ՝ մեզնից կախված չէ, քանի որ գիտեք՝ տարածաշրջանում ինչպիսի զարգացումներ կան։ Իսկ մեզնից ինչ կախված է, մերոնք անում են՝ Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան համագործակցությունների մեծացումն է նկատվում։ Մեծ հզորացումների մասին այս պահին կառաջարկեմ չխոսել, քանի որ մեր տարածաշրջանի քաղաքական վիճակը վատթարանում է, և այդ հնարավորությունները, համենայնդեպս ինձ համար, չեն երևում։

– Պարոն Խուրշուդյան, անդրադառնանք այլ թեմայի. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում իր ելույթում անդրադարձավ նաև տնտեսությանը, խոսեց երկարաժամկետ ծրագրերի մասին։ Որո՞նք էին, ըստ Ձեզ՝ ամենակարևոր ուղերձները։

– Ամեն ինչը կարևոր էր. առաջին կարևոր բանը հենց երկարաժամկետի մասը շեշտելն էր։ Բնական է դրա մասին խոսելը, որովհետև ընտրությունների ժամանակ հենց Հայաստանի հեռանկարի խնդիրն էր օրակարգ բերվում, քանի որ շատ քիչ աճերով, դեմոգրաֆիկ խնդիրներով, հասկանալի է, որ՝ «ո՞ւր ենք գնում» հարցն էր առաջանում, և պետք էր պատասխանել։ ԱԺ ելույթով նախագահը փորձեց այդ պատասխանները տալ, որոնք, այսպես ասած՝ ինչ-որ ռազմավարական, քաղաքական նշանակետեր էին։

Քաղաքական իր թիմին նա հանձնարարեց մշակել՝ մինչև 2050թ. հեռանկարին ինչպե՞ս ենք հասնում։ Այսինքն՝ որպես պատվեր իր քաղաքական թիմին՝ շատ լավ պատվեր է, թող քաղաքական թիմն աշխատի և ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում այդ ցուցանիշերին հասնելը, որովհետև, եթե նայենք մեր ազգ-պետության ապագային, ապա դրա մասին խոսակցությունը պարտադիր պետք է լինի։ Բայց այդ խոսակցությունն ինչպե՞ս կդառնա գործ, ի՞նչն է խոչընդոտում, ա՛յ դա ուղերձում չկա։

Որպեսզի մանրամասնեմ՝ մի քանի կետեր նշեմ. ուղերձում սոցիալական, տնտեսական բոլոր կետերը շատ լավ են նախանշված, բայց այսօրվա Հայաստանի քաղաքատնտեսական կոնյունկտուրայում լուրջ փոփոխություններ պետք է լինեն, որ մենք այդ ուղերձներին հասնենք։ Այսինքն՝ նույն սոցիալական բարելավումը, տնտեսական աճը, աշխատավարձը, շատ բաներ այդտեղ համադրելի չեն, և պետք է լուրջ սկզբունքներ փոխվեն։

Մեկ սկզբունք նշեմ, որն այսօր օրակարգում դրված է. մենք սոցիալական շատ հարցեր տնտեսականացրինք, այսինքն՝ գումարի վերածեցինք, և աշխատավարձով ու թոշակով, փաստորեն, լուծում ենք այդ հարցերը, բայց կան ոլորտներ, որոնք մինչև հիմա Խորհրդային Միության իներցիայով են շարունակում։ Այդ ոլորտների մասին պետք է մտածենք, օրինակ՝ դատական համակարգը, Դատախազությունը, ուժային կառույցները, որոնք ունեն սեփական թոշակային պայմանները, խաղի սեփական կանոնները, որոնք ընդհանրապես չեն ենթարկվում Հայաստանի Հանրապետության ո՛չ դեմոգրաֆիական, ո՛չ սոցիալական արդարության իրավիճակին։

Մենք պատրա՞ստ ենք արդյոք դա փոխել, ինչպես կրթությունն օպտիմալացրինք, նույն կերպ ուժային կառույցներն ամբողջովին օպտիմալացնենք և համապատասխանեցնենք այսօրվա շուկայի կանոններին, որովհետև, եթե ուսուցչին ասում ենք՝ բավարարվիր այսքան աշխատավարձով, այլընտրանք չունես, ուժայիններում հազարավոր նման մարդիկ այլընտրանք չունեն. ցածր աշխատավարձով կգան՝ կաշխատեն, ինչո՞ւ բարձր վճարել, կամ ինչո՞ւ բարձր թոշակ տալ։

Այդ ինչուների պատասխանը տրված էր ԽՍՀՄ-ում. որովհետև դրանք ամենակարևոր կառույցներն էին, ու հազար ու մի արտոնություն էր տրվում։ Այդ արտոնություններից պատրա՞ստ ենք հրաժարվել, թե՞ ոչ։ Ես այս մի հարցադրումն եմ ընդամենն անում, որ հասկանաք։

Մինչև հիմա «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը պահել ենք Սովետական Միության կարգերով. պետությունն է պահում, ոչ թե մասնավորն իր ժամանակավոր անաշխատունակ աշխատողին։ Փոխո՞ւմ ենք այդ համակարգը, թե՞ ոչ։ Սրանք բավական լուրջ հարցադրումներ են, և մենք մինչև հիմա որոշ չափով կիսատ, միայն կենսաթոշակային ոլորտը բարեփոխեցինք, մնացած ոլորտներում էլ մասշտաբային խնդիրներ կան, այդ մասշտաբային փոփոխությանը գնալո՞ւ են, թե՞ ոչ։ Կան շատ լավ թիրախներ, բայց դրանց հասնելու ճանապարհին իմ նշած հարցերի պատասխանը պետք է տրվի։

– Այսինքն՝ հնչեցված թվերն անիրատեսական են, քանի դեռ այս հարցերը չե՞ն լուծվել։

– Եթե այսօրվա կառավարման համակարգը մնա նույնը, ոչինչ չփոխեն, ուրեմն դրանք իրատեսական չեն։

– ՀՀ Կառավարությունը խոստանում է ՀՆԱ-ի մեջ արտահանման կշիռն աստիճանաբար մեծացնել և 5 տարվա ընթացքում հասցնել մինչև 40-45%-ի, նույն դրույթը նաև նախագահի ելույթում կար։ Արտահանման այսպիսի պոտենցիալ Հայաստանն ունի՞, ի՞նչ կարող ենք արտահանել։

– Եթե մենք տուրիզմը զարգացնենք, ապա ավտոմատ կերպով ծառայությունների արտահանումն ու փողն էլ կտրուկ կաճեն։ Ի դեպ, կառավարությունն էլ շեշտը հատկապես տուրիզմի վրա է դրել, այսինքն՝ կաճի։ Տնտեսությունը մի յուրահատկություն ունի. ցածր բազայի վրա մեծ է տոկոս բարձրացնելը, հետո դժվարանում է, օրինակ՝ 40-45% որ հնչում է, ինձ համար մտահոգիչ է. կա՛մ 40, կա՛մ 45, որովհետև, երբ մոտենում ես 40-ին, հետո յուրաքանչյուր մեկ տոկոս շատ ավելի դժվար է բարձրացնել, քան նախորդ 5 տոկոսը։ Այսինքն՝ պետք է շատ զգույշ լինել թվերի հետ. ինչքա՞ն ենք ասում, ի՞նչ կետից՝ ի՞նչ կետ։ Պետք է հստակ կարողանանք անել, ոչ թե ուղղակի նշել, կամ պետք է առարկայական նշել, թե ինչ նկատի ունենք՝ ՀՆԱ-ի այսքան տոկոս աճ ասելով։

Մենք փոքր պետություն ենք, բայց այլընտրանք չունենք, արտահանումը պետք է էականորեն աճեցնենք, որպեսզի զարգանանք։ Կոնկրետ այդ հայտարարությունն այլընտրանք չունի, այսինքն՝ եթե մենք դա չհայտարարենք, կընդունենք, որ ՀՀ տնտեսությունն ապագա չունի։

Փոքր տնտեսությունն ամեն ինչ չի կարող արտադրել, և, ցանկանա թե ոչ, մեծ ներմուծումներ պետք է անել։ Մեր կենցաղային սպառման ապրանքներից տեսեք, թե ինչքանը հայկական չէ, այլապես մենք չենք կարող մեր եկամուտները բարեկեցիկ ձևով ծախսել։ Դրա միակ հակակշիռն այն է, որ դու ինչ-որ մի բան արտահանես ու էական արտահանում ունենաս։ Փոքր տնտեսությունները միայն այդպես կարող են գոյատևել, և նման հայտարարությունն այլընտրանք չունի։ Մենք ունեցել ենք ժամանակներ, երբ ՀՆԱ-ի 100%-ից ավելի է ներմուծումը եղել։

Արտահանման առումով՝ գյուղատնտեսական արդյունաբերությունն ունի պոտենցիալ, կոնյակը, գինին և այլն, ծառայությունները, տուրիզմն ենք զարգացնում, բավական հեռանկարային է ՏՏ ոլորտը, որն արտահանման մեծ պոտենցիալ ունի։ Ծանր արդյունաբերությունն այդքան չեմ տեսնում, բացառությամբ՝ մետաղների մշակման։

Տեսանյութեր

Լրահոս