
Սարյան փողոցում կսահմանվի միակողմանի երթևեկություն

Երևանի Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների իրականացման մասով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։ Նախագծված նոր սխեմաներով նախատեսվում է Սարյան փողոցում սահմանել միակողմ երթևեկություն, որը սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ուղղությամբ՝ ընդգրկելով Սարյան փողոցը, ինչպես նաև Մոսկովյան պողոտայի մի հատվածը։
«Նախատեսված փոփոխությունների արդյունքում նշված փողոցներում կշարունակի պահպանվել տրանսպորտային միջոցների կայանման հնարավորությունը՝ փողոցի երկու կողմերում մայթեզրին զուգահեռ կայանման ձևով։ Ամիրյան, Արամի, Պուշկին, Թումանյան փողոցներից դեպի Սարյան փողոց հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ, իսկ Լեո և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ»,- մանրամասնեց Հարությունյանը։
Նախատեսված փոփոխությունների շրջանակներում Վազգեն Հարությունյանը ներկայացրեց նաև Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում պլանավորվող նոր երթևեկության կազմակերպումը։
«Բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Բաղրամյան պողոտայից կարգելվի դեպի աջ երթևեկությունը դեպի Մոսկովյան փողոց՝ Սարյան ուղղությամբ։ Սարյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կկարողանան երթևեկել առաջին երթևեկելի գոտուց ուղիղ դեպի Մոսկովյան փողոց և աջ դեպի Բաղրամյան պողոտա՝ Սայաթ Նովա ուղղությամբ, երկրորդ երթևեկելի գոտուց՝ ուղիղ դեպի Մոսկովյան փողոց, երրորդ երթևեկելի գոտուց՝ ուղիղ դեպի Մոսկովյան փողոց և ձախ դեպի Բաղրամյան պողոտա, չորրորդ երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա։
Մոսկովյան փողոցից Թամանյանի արձանի դիմացի հատվածից բոլոր տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել առաջին գոտուց աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ երկրորդ երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Սայաթ Նովա փողոցի ուղղությամբ»,- մանրամասնեց Հարությունյանը։
Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել Սարյան և Մոսկովյան փողոցներում լուսացուցային օբյեկտներով չկարգավորվող խաչմերուկներում երթևեկության անվտանգության բարձրացումը, տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովումը։
«Նախագծի իրականացման նպատակով առաջիկայում պլանավորվում է իրականացնել Մաշտոցի պողոտայի լուսացուցային ռեժիմների նոր հաշվարկներ և փոփոխություններ։Վազգեն Հարությունյանը հավելեց, որ Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ վերջնական քննարկումներից հետո կդիտարկվի Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխության աշխատանքների մեկնարկը