Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ֆրանսիայի հետ խորը և ռազմավարական հարաբերություններին․ Միրզոյանը շնորհավորել է Բարոյին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյին։ Այս մասին Հայաստանի ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ 

«Իմ ջերմագին մաղթանքներն եմ հղում Ժան-Նոել Բարոյին՝ հուլիսի 14-ի կապակցությամբ։

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ֆրանսիայի հետ խորը և ռազմավարական հարաբերություններին՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,-նշված է Միրզոյանի գրառման մեջ։

Հուլիսի 14-ին Ֆրանսիայում նշում են Ազգային տոնը։ 1789 թվականի այդ օրը ֆրանսիացի հեղափոխականների կողմից գրավվել է Բաստիլի հայտնի բանտ-ամրոցը՝ սկիզբ դնելով Ֆրանսիական մեծ հեղափոխությանը, որի արդյունքում տապալվեց երկրի միապետական համակարգը։ Բաստիլի գրավման օրը հանդիսավոր շքերթ է կազմակերպվում Ելիսեյան դաշտերում։

Տեսանյութեր

Լրահոս