Անարդյունավետ հանդիպում է լինելու. Գեղամ Ստեփանյանը՝ Կառավարության շենքում հանդիպման առաջարկի մասին

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպման իջավ կառավարության պաշտոնյան և առաջարկեց 3-4 հոգուց կազմված խմբով բարձրանալ վերև՝ քննարկման։

«Փողոցում քննարկում չի լինում, պատրաստ ենք քննարկել Ձեր ներկայացուցիչների  խմբի հետ»,-ասաց պաշտոնյան։

Նա նշեց, որ քննարկում կլինի կոնկրետ վարչապետի աշխատակազմի, փոխվարչապետի գրասենյակի և սոցապ նախարարության ներկայացուցիչների հետ։

Արցախցիները նշեցին, որ երկու, երեք ամիս մասնագիտական խմբերով նույն խնդիրների շուրջ անարդյունք բանակցություններ են ունեցել. «Եթե նույն ձևաչափով մտնենք, քննարկենք՝ իմաստ չկա»,-ասաց «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ Ապրես Մարգարյանը։

Լրագրողների հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ այդ  հանդիպումներն անարդյունավետ են, միևնույն է, չի լուծվում մարդկանց վարձի հարցը: «Եթե նորից բարձրանանք, նույն բանն ասեն, ի՞նչ օգուտ։ Մեր դիրքորոշումը հետևյալն է եղել՝ մինչև տվյալ անձի, ընտանիքի, մշտական բնակության հարցը չկարգավորվի, պետք է ստանա սոցիալական այդ աջակցությունը։ Լավ, երկու ամսով ավելացրեցին, հիմա երկու ամսից նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք, սա խեղկատակությո՞ւն չի: Մինչև վերջ ասվածն այն է՝ մինչև որ այդ անձը բավարար կենսապայմաններով ապահովված լինի, դրսում չմնա»,-ասաց նա։

Ստեփանյանը նշեց, որ իրենք  երբևէ որևէ քննարկումից, հանդիպումից չեն խուսափել, հակառակը՝ միշտ պատրաստակամ գնացել են։ «Բայց, ժողովուրդ, եթե խոսում ես ու զրուցակիցդ քո ասածը չի հասկանում, էլ ի՞նչ խոսես»,- ասաց Ստեփանյանը:

«Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն էլ նշեց, որ իրենք հանդիպմանը դեմ չեն, բայց ցանկալի է՝ համապատասխան անձն իջնի այնտեղ, ժողովրդի մոտ: Նա առաջարկեց ակցիան ինչպես պլանավորել են՝ անցկացնեն, այդ ընթացքում արդեն իրենց դիրքորոշումն էլ կհստակեցվի:

Տեսանյութեր

Լրահոս