
Ռուսաստանը ցանկանում է պետական լրացուցիչ տուրքեր սահմանել միգրանտների համար

Ռուսաստանը ցանկանում է պետական լրացուցիչ տուրքեր մտցնել միգրանտների համար։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Ռուս քաղաքական գործիչը նշել է, որ առաջարկվում է միգրանտների համար տուրքեր սահմանել օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի բնակության վայրում գրանցելու համար։ Միգրանտները պետք է նաև ստանան արտոնագիր։ Այս փաստաթղթի գրանցումը կարժենա 8-10 հազար ռուբլի։ Արտոնագիրն ուժի մեջ կլինի մեկ տարի, որից հետո ընթացակարգը պետք է կրկնվի։ Սակայն աշխատանքային թույլտվության երկարաձգումը կարժենա 4200 ռուբլի։
Բացի այդ, միգրանտները պետք է տրամադրեն փաստաթղթեր, որոնք թույլ կտան նրանց օգտագործել տրանսպորտային միջոց, ինչպես նաև վճարեն Ռուսաստանի Դաշնության տարածքում մնալու թույլտվության երկարաձգման համար։
Վոլոդինի խոսքով՝ սա ոչ միայն կբարձրացնի բյուջեի միջոցների հոսքը, այլև կամրապնդի միգրանտների նկատմամբ վերահսկողությունը, կհաստատի նրանց իրական բնակության վայրերը։ Ինչը, իր հերթին, կօգնի նվազեցնել անօրինական միգրացիայի մակարդակը։