Բաժիններ՝

Երևանում տեղի է ունեցել 9-րդ «ԲարՔեմփ» (չ)կոնֆերանսը

Հայաստանում արդեն 9-րդ անգամ անցկացվեց «ԲարՔեմփ Երևան» միջոցառումը: «ԲարՔեմփը» մասնակիցների կողմից կազմակերպվող կոնֆերանսների միջազգային ցանց է, որն ընդունված է կոչել (չ)կոնֆերանս, քանի որ այն ոչ ֆորմալ միջոցառում է, որտեղ մասնակիցներն իրենք են որոշում թեմաները, ներկայացման ձևաչափը, ինչպես նաև քվեարկում են ոտքերով. ցանկացած պահի նրանք կարող են դուրս գալ սրահից:

Եթե առաջին «ԲարՔեմփերի» թեման վաղ շրջանի համացանցային ծրագրերն էին և դրանց հետ փոխկապակցված բաց կոդով (open source) տեխնոլոգիաները, սոցիալական ցանցային պրոտոկոլները և տեղեկատվության բաց ֆորմատները, ապա հիմա «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով անցկացվող (չ)կոնֆերանսները: «ԲարՔեմփի» ֆորմատը նաև օգտագործվել է այլ կարգի բազմազան թեմաներ ներկայացնելու, քննարկելու նպատակով, այդ թվում՝ հանրային փոխադրամիջոցների, առողջապահության և այլ ոլորտների։

Արդեն 4 տարի է, ինչ «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսի գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշում է, որ իրենց ընկերությունը ևս առաջացել է հետաքրքիր գաղափարներից, այդ իսկ պատճառով իրենք ողջունում են նման նախաձեռնությունների իրականացումը և միշտ հետաքրքիր գաղափարների կողքին են: Ըստ Հայկ Եսայանի՝ շատ կարևոր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը՝ որպես ռազմավարական ստարտեգիա:

«ԲարՔեմփ Երևանի» կազմակերպիչներից մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝Հայաստանում արդեն անցկացվել են ֆանտաստիկ շատ բարքեմփներ, ու տարիների հետ ավելացել են նաև (չ)կոնֆերանսի ժամանակ զուգահեռ հոսքերը: Այս տարի ևս ավելացել են հոսքերը, և միաժամանակ հնարավոր էր լսել ելույթներ 7 զուգահեռ հոսքում:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «ԲարՔեմփ Երևանի» կազմակերպիչները շատ կարևորում են ինտերակտիվությունը: Միջոցառումն ունի իր պաշտոնական հեշթեգը՝ #barcampevn17, բջջային հավելվածները՝ iOS և Android համակարգերում, կայքը, էջերը սոցիալական ցանցերում, ինչպես նաև ելույթների մեծ մասը հեռարձակվում էր ուղիղ եթերով: Բացի այդ, ինչպես նշում է «ԲարՔեմփ Երևանի» կազմակերպիչ Արթուր Պապյանը, միջոցառման ավարտից հետո (չ)կոնֆերանսի ֆեյսբուքյան էջում հասանելի կլինի feedback թերթիկը, որի միջոցով մանակիցները կարող են նշել (չ)կոնֆերանսի թերությունները, անել իրենց առաջարկությունները և այլն: Հասանելի է նաև չկոնֆերանսի ֆեյսբուքյան բոթը, որի միջոցով մասնակիցները կարող են արագ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Այս տարի «ԲարՔեմփում» ելույթներով հանդես եկան ոչ միայն հայաստանաբնակ խոսնակները, այլև հյուրեր արտերկրից: «ԲարՔեմփ Երևանին» այցելել էին միջազգային թվով 6 հյուրեր, այդ թվում՝ ծրագրավորող Յան Ուալդեբոյերը` Գերմանիայից, Էդուարդ Ուրլիչը` Չեխիայից, Իլյա Կլիմովը՝ Ուկրաինայից, լուսանկարիչ Էնդրյու Ռովաթը` Կանադայից, Եկատերինա Տկաչովան և Եկատերինա Երոշենկոն՝ Ռուսաստանից:
«ԲարՔեմփ Երևանի» հովանավորներն են Ucom ընկերությունը, Workfront Armenia, SFL LLC, Ginosi Apartels ընկերությունները:

Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի «ԲարՔեմփ Երևանի» մասնակիցները ավելի քիչ են եղել, սակայն դրան զուգահեռ՝ ավելի ակտիվ են եղել (չ)կոնֆերանսին ուղիղ եթերով հետևող օգտատերերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս