Բաժիններ՝

«Հիմա այնպիսի վիրուսներ են լինում, որոնք մոտ են կիբերզենքի մակարդակին»

«WannaCry-ն այն վիրուսներից է, որը մի քանի օրում բավականին մեծ ծավալի վարակ տարածեց ամբողջ աշխարհում։ Այն շատ կարճ ժամանակամիջոցում կարողացավ վարակել մեծ թվով համակարգիչներ՝ մոտ 450.000 համակարգիչ ամբողջ աշխարհում: Սա դեռևս արձանագրված թիվն է, բայց հնարավոր է, որ այս թվից 2 անգամ ավելի լինի պատկերը»,- այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կասպերսկի Լաբորատորիայի Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանային ղեկավար Արմեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս վիրուսով վարակվել են ոչ միայն անհատների համակարգիչները, այլև մեծ կազմակերպությունների, կորպորացիաների և՛ մեքենաշինության ոլորտում, և՛ բանկային համակարգում, և՛ տարբեր երկրների պետական կառույցներում։ Դրա արագ տարածվելու պատճառներից մեկը, ըստ նրա՝ վիրուսի «խորամանկ» լինելու հատկանիշն է։

«Այս վիրուսի դեպքում օգտագործվում էր Windows համակարգի խոցելիությունը։ Microsost-ի ցանկացած ծրագիր իր մեջ խոցելիություն է պարունակում, որն արտադրողները ժամանակ առ ժամանակ փորձում են շտկել, update-ների (թարմացումներ.- Ռ.Հ.) միջոցով։

Windows համակարգի խոցելիությունը օգտագործելով՝ վիրուսը թափանցում էր համակարգիչ, տեղադրում էր կոդավորող ծրագիրը, և կոդավորում էր տվյալ համակարգչի ամբողջ տեղեկատվությունը։ Այսինքն՝ տեղեկատվությունը դառնում է անհասանելի, ոչ մի կերպ, գրեթե 100 տոկոս հավանականությամբ ապակոդավորել հնարավոր չի լինում։ Եթե տվյալ համակարգիչն ինչ-որ ցանցի մեջ է, ապա կոդավորմամբ հեշտությամբ վարակվում էին նաև ցանցի մնացած համակարգիչները։

Կարդացեք նաև

Այն կազմակերպություններում, որտեղ կային 100 կամ 1000 համակարգիչներ, շատ կարճ ժամանակամիջոցում բոլորը վարակվում էին, և պատկերացրեք, որ այդ կազմակերպության ամբողջ տեղեկատվությունն այլևս հնարավոր չէր լինում վերականգնել»,- ասաց բանախոսը։

Խոսելով վիրուսի ստեղծման նպատակի մասին՝ Արմեն Կարապետյանն ասաց, որ դրա դիմաց պահանջվում էր գումար։ Սկզբնական շրջանում վիրուսի հաքերները պահանջել են 300 դոլարին համարժեք բիթքոին, որը վիրտուալ արժույթ է, որովհետև բիթքոինի հետքերով գնալը և իրենց գտնելը շատ ավելի բարդ է։ Հետո պահանջվող գումարի չափը բարձրացել է՝ հասնելով 600 դոլարի։

«Այսինքն՝ ցանկացած մեկ համակարգչի ապակոդավորումն արժեր 600 դոլար։ Սակայն վճարելուց հետո էլ պարզ չէր՝ ապակոդավորում տեղի կունենա՞ր, թե՞ ոչ, որովհետև շատ հաճախ խաբում էին, գումարը վերցնում, երկրորդ անգամ պահանջում, և այդպես շարունակ։ Որպես երևույթ՝ սա նոր չէ, կոդավորող վիրուսը բավականին հին երևույթ է, և անընդհատ զգուշացվում է, որ դրա դեմ պետք է միջոցներ ձեռնարկել»։

Ըստ բանախոսի ներկայացրած տվյալների՝ Հայաստանը WannaCry վիրուսակիրների շարքում թոփ 40 երկրների ցանկում է։

«Երբ կիբերհարձակումների քարտեզի վրա նայում էինք, այդ օրերին ընդհանուր վարակվածության ֆոնը Հայաստանում այսպիսին էր. մոտ ամեն 20 համակարգիչ վարակված էր այս կամ այն վիրուսով։ Եթե համեմատական կարգով վերցնենք, Արևմտյան Եվրոպայում կամ Բալթյան երկրներում մինչև հինգ անգամ քիչ վարակվածության ֆոն կար։ Եթե նույնիսկ համեմատենք Վրաստանի հետ, այնտեղ  վիճակն ավելի լավ է, քան Հայաստանում։ Չգիտեմ՝ դա ինչով է պայմանավորված, բայց փաստը մնում է փաստ»,- նկատեց Արմեն Կարապետյանը։

Նրա դիտարկմամբ՝ հաքերները իրենց նպատակին չեն հասել.

«Նրանք մի քանի տասնյակ  հազար դոլար աշխատեցին, իսկ  ամբողջ աշխարհն իրար խառնելը և ընդամենը մի քանի տասնյակ հազար դոլար աշխատելն իմաստ չուներ։ Այստեղից եզրակացնում ենք, որ վարակված 450.000 և ավելի համակարգիչների տերերից ընդամենը չնչին տոկոսն էր, որ համաձայնել էր  գումար վճարել»։

«Այս պատմության վերջն ընդհանրապես չի լինելու։ Սա մի վիրուսի մոդիֆիկացված տարբերակն էր, ու գնալով վիճակը վատանալու է։ Մենք հասել ենք այն փուլին, երբ սարքերը միացված են ինտերնետին, և գալու է մի պահ, երբ արդեն բոլոր սարքերը՝ սառնարաններ, արդուկներ և այլն, միացված են լինելու ինտերնետին։ Եվ այս դեպքում հարձակումները կլինեն բոլոր այն միջոցներով, որոնք միացված են ինտերնետին։ Վտանգավորության աստիճանը գնալով մեծանում է։ Եթե այն ժամանակ հասարակ վիրուսներ էին, հիմա այնպիսի վիրուսներ են լինում, որոնք մոտ են կիբերզենքի մակարդակին»,- այսպես եզրափակեց իր խոսքը բանախոսը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս