«Գիշերվա 4-ին, 5-ին զանգ եմ ստանում, որ մենք դեմ ենք, չենք ընդունում այդ ձևակերպումը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց․ վիճաբանություններ արցախյան ստատուս քվոյի շուրջ» թեմայով ՌԱՀԿ կենտրոնում սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց, որ պետք է ոչ թե հերոս կամ դավաճան փնտրել, այլ թե ժամանակակից աշխարհում ինչ է իրենից ներկայացնում հայաստանյան շահը։

Նրա կարծիքով՝ միշտ էլ եղել է բանավեճ, թե որքանով է Արցախի հարցը խանգարում Հայաստանի զարգացմանը, եւ առայսօր էլ շարունակվում է այդ բանավեճը։ Բանակցային գործընթացին անդրադառնալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հարց ուղղեց, թե արդյոք Հորադիզը նույն ռազմավարական նշանակությո՞ւնն ունի ՀՀ-ի համար, որքան Նախիջեւանը, հնարավո՞ր է այնտեղ ստատուս-քվո ապահովել՝ հայկական շահերն ապահովելով հանդերձ։

Նա հիշեց, թե ինչպես է ձեւավորվել ՀՀ արտգործնախարարությունն անկախության հռչակումից հետո, ինչպես սկզբում ԱԳՆ-ն ուներ ընդամենը մեկ ֆաքս եւ վեց-յոթ նվիրված մարդ, որոնք ԽՍՀՄ-ից եկել, աշխատանքի էին ընդունվել որպես դիվանագետ։

«Մեր խնդիրը ոչ միայն պատերազմական վիճակում երկրի շահը ներկայացնելն էր, այլ ինստիտուտ ստեղծելը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ հետադարձ հայացքով կարող ենք ասել, որ Արցախի հարցը պետք չէր միջազգայնացնել։ Սակայն, եթե մենք չմիջազգայնացնեինք, ապա, ըստ նախկին արտգործնախարարի, միջազգայնացնելու էին ուրիշները։

«Մենք մտանք այն տիրույթը, որտեղ Հայաստանն ուներ վետոյի իրավունք։ Լավ թե վատ՝ ասում էին, որ պետք է բանակցեն ՀՀ-ն եւ Արցախը Ադրբեջանի հետ։ 1992թ․ փետրվարին, երբ ԱԳՆ-ն գրավոր ներկայացրեց Արցախը ճանաչելու իրավաբանական հիմնադրույթները, Դուք գիտեք, որ այն ավարտվեց հրաժարականով։

Գիշերվա 4-ին, 5-ին զանգ եմ ստանում, որ մենք դեմ ենք, չենք ընդունում այդ ձեւակերպումը»,- հիշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տարաձայնությունները հենց դրանից սկսվեցին այն ժամանակվա իշխանությունների հետ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս