Պատգամավորներին՝ ով ցանկանում է ինքնաբացարկ հայտնել
ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նստաշրջանը կմեկնարկի մայիսի 18-ին: Եթե իշխանական դաշտում ամեն ինչ կարծես թե պարզ է և կայուն, ու հրաժարականներ չեն սպասվում, ապա ընդդիմադիր դաշտում, մասնավորապես, «Ծառուկյան» դաշինքում ինքնաբացարկները շատ հավանական են։
Պատգամավորի հրաժարական տալու կարգը՝ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, սահմանում է, որ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Մեկ շաբաթվա ընթացքում այն ուղարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Այլ ընթացակարգ նախատեսված չէ:
Հավելենք, որ այսօր պատասխանելով հարցին, թե կլինե՞ն «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներ, ովքեր կհրաժարվեն մանդատներից, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը պատասխանել է.
«Ամեն ինչ վաղը ձեր աչքերի առաջ կերևա: Ես չեմ կարող այլ պատգամավորների փոխարեն պատասխանել: Այն, ինչ եղել է, մեր ներքին խնդիրներն են: Վստահեցնում եմ, որ որևէ տարակարծություն և տարաձայնություն չկա: Քննարկումն անցել է առողջ ու կառուցողական մթնոլորտում»: