«ԵՄ-ն ավելի զարգացած է, բայց մենք սերտորեն համագործակցում ենք թե ԵՄ-ի, թե ԵԱՏՄ-ի հետ». նախարար
Նախքան Եվրասիական Միությանն անդամակցելը` Հայաստանն ուսումնասիրություններ է անցկացրել և համեմատել, թե ինչ տնտեսական ազդեցություն կունենա Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր (DCFTA) ունենալու և ԵԱՏՄ-ին միանալու դեպքերում: Այս մասին emerging-europe.com-ի գլխավոր խմբագիր Էնդրյու Վրոբելին տված հարցազրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով` ԵՄ ԽՀԱԱՀ-ին անդամակցելու արդյունքում տնտեսական կարճաժամկետ ազդեցությունը գնահատվում էր ՀՆԱ-ի շուրջ 1.06 տոկոսային կետ: Երկարաժամկետ հեռանկարում այն կլիներ մոտ երկու տոկոսային կետ` առանց մուլտիպլիկատիվ էֆեկտի:
«Իրականում, մի լավ ասացվածք կա. «Եթե ցանկանում ես քո սեփական օգուտն ունենալ, մի մեղադրիր քո գործընկերոջը այդ հնարավորությունից չօգտվելու համար»: Ուրիշներին մեղադրելու փոխարեն պետք է ինքդ մտածես, թե ինչ է պետք անել շահ ստանալու համար»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով ԵԱՏՄ անդամակցության Հայաստանի շահերին` Արամյանը նշել է, որ մաքսային միությանը անդամակցելու ուսումնասիրությունն իրականացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ: Իրենց գնահատմամբ` այս դեպքում մենք կստանայինք տարեկան նվազագույնը 2.4 տոկոսային կետ: «Այսօր մարդիկ քննադատաբար են մոտենում, քանի որ 2015 թվականին արտահանումները դեպի Ռուսաստան նվազել են, բայց դա ամերիկյան դոլարի նկատմամբ ռուսական արժույթի արժեզրկման և իր իրական արժեքով ռուսական ռուբլու նկատմամբ մեր արժույթի արժևորման, ինչպես նաև Ռուսաստանում տեղական պահ անջարկի զգալի նվազեցման հետևանքով էր:
Եթե մենք հաշվի առնենք միայն գազի գների ազդեցությունը, որը գնում ենք Ռուսաստանից, 30 տոկոս արտահանման սակագինը այստեղ չի կիրառվում, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք: Անվանական ազդեցությունը տարեկան շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար է: 140 մլն դոլարը մեր ՀՆԱ-ի գրեթե 1.4 տոկոսային կետն է, և ես դեռ չեմ խոսում էներգակիրների սակագների ազդեցության երկրորդ փուլի մասին: Գազի գինն արտացոլվում է էներգակիրների գների մեջ, ինչն ազդեցություն է ունենում սպասարկման ծախսերի վրա, որոնք հոգում են հայկական ընկերությունները, և, իհարկե, դա կարող է վնասել նրանց մրցունակությանը»,- ասել է Վարդան Արամյանը:
Նրա խոսքով` շատ քաղաքական գործիչներ ասում են, որ ԵՄ մաս կազմելը կարող էր խթանել բարեփոխումները, քանի որ ԵՄ-ն ավելի զարգացած է, բայց մենք սերտորեն համագործակցում ենք թե ԵՄ-ի, թե ԵԱՏՄ-ի հետ: Նա նշել է, որ, իրականում, այս փուլում ԵԱՏՄ-ն մաքսային միություն է: «Ինչևէ, մենք համագործակցության ավելի լայն շրջանակ ունենք ԵՄ-ի հետ: Մենք իրականացնում ենք բարեփոխումներ լավ կառավարման, մարդու իրավունքների, դատական և բիզնես միջավայրի ոլորտներում և պատրաստվում ենք նույն ոգով շարունակել»,- հավելել է նա: