«Շփման գծում պետք է սպասել հետագա լարվածության և զոհերի երկու կողմից»․ Գրիգորի Տրոֆիմչուկ

168.am-ը զրուցել է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի հետ։

– Պարոն Տրոֆիմչուկ, նախօրեին Մոսկվայում կայացավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնած եռակողմ՝ Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով նախարարական հանդիպումն Արցախի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով։ Հաղորդագրություններից միայն պարզ դարձավ, որ քննարկվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի նախագահական հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ հարցեր են մասնավորապես քննարկվել։ Ադրբեջանը պատրա՞ստ է ընդունել այդ հանդիպումների պայմանավորվածությունները։

– Այդ հանդիպումը պլանային էր, որպեսզի ծայրահեղ դեպքում՝ ողջ աշխարհին, այս հակամարտության գոտում տիրող իրավիճակին հետևող գործիչներին ցույց տրվի, որ 2017թ․ հունվար ամսին Արցախի շփման գծում իրավիճակի սրումից հետո բանակցային գործընթացը չի դադարել, այլ շարունակվում է։ Ընդգծեմ, որ իմ կարծիքով՝ դա գլխավոր չափանիշն էր, թեև պաշտոնական տեսք ունի։ Կարևոր է արդեն այն հանգամանքը, որ Երևանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են մեկ սեղանի շուրջ, ի դեպ, Ռուսաստանի տարածքում, քանի որ, ինչպես հայտնի է՝ նախորդ տարեվերջին Մամեդյարովն իր դիվանագիտական դիրքին ոչ բնորոշ, չափազանց սուր գնահատականով հանդես եկավ։

Արցախի խնդրի շուրջ շփումները որոշվել է շարունակել, և դա արդեն վատ չէ, քանի որ նախարարներն այս անգամ ևս դուրս չեկան սենյակից՝ շրխկացնելով դուռը։ Ամեն դեպքում, Երևանին սա ամբողջությամբ ձեռք է տալիս։

Ինչ վերաբերում է վիեննական և պետերբուրգյան համաձայնություններին, ապա Ադրբեջանը պատրաստ է դրանք ընդունել այնպես, ինչպես Հայաստանը։ Երկու մայրաքաղաքները պատրաստ են ընդունել նաև մի շարք այլ համաձայնագրեր, որոնք ձևավորվել են վերջին տարիների ընթացքում։ Խնդիրը միայն այն է, որ այդ համաձայնությունները մեծամասամբ չեն կարող նյութականացվել։ Հենց այդ պատճառով էլ պատերազմը մշտապես դռների մոտ է՝ արդեն չհեռանալով դրանցից ոչ մի սանտիմետրով։

Ներկայումս գոնե պետք է հասկանալ մեկ բան՝ կոնկրետ ո՞ր տարվա ընթացքում պետք է իրականացվեն 2016թ․ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Չկա նույնիսկ գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞ր կողմն է սկսել 2016թ․ փոխհրաձգությունը։

– Եռակողմ հանդիպումից առաջ Բաքուն նոր լարվածություն նախաձեռնեց շփման գծում, որի հետևանքով հայկական կողմը հերթական ցավալի կորուստներն ունեցավ։ Սրան զուգահեռ՝ տեղեկատվություն տարածվեց, թե Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարեց սպառազինության հերթական խմբաքանակը, ինչը հայաստանյան փորձագիտական, քաղաքական շրջանակների կողմից, մոսկովյան բանակցություններին ընդառաջ, ճնշում դիտարկվեց հայկական կողմի նկատմամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Հենց սա էլ գլխավոր խնդիրն է։ Չէ՞ որ, եթե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովի պայմանավորվածությունների ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, եթե 2016թ․ ապրիլի և 2017թ․ փետրվարի համար պատասխանատվություն չի կրում որևէ կողմ, ապա իրավիճակը հակամարտության գոտում հետզհետե ընթանում է մասշտաբային պատերազմի ուղղությամբ՝ էլ չխոսենք հաճախակի բնույթ կրող փոխհրաձգությունների մասին։ Պարբերական բնույթ կրող փոխհրաձգություններն արդեն կարելի է սովորական և բնական ֆոն համարել այս հակամարտության համար, առանց որի արդեն, փաստորեն, ոչ մի օր չի անցնում։ Ցավոք սրտի, կազմակերպված նախարարական հանդիպումը Մոսկվայում այդ ֆոնը վերացնել ունակ չէ։ Եվ դա գլխավորն է, ինչը մեզ պետք է անհանգստացնի և զգուշացնի, քանի որ հարց է առաջանում՝ ինչի՞ համար են այդ հանդիպումները։

Ռուսական սպառազինության մատակարարումներն Ադրբեջան՝ ուղիղ իմաստով մատակարարումներ չեն, այլ գումարի դիմաց զենքի հասարակ վաճառք։ Մատակարարումն այն է, երբ գործընկերն իր գործընկերոջը սպառազինություն է տրամադրում անվճար պատերազմում հաղթանակի նպատակով։ Առավել ևս, չի կարելի սա որակել՝ որպես Հայաստանի նկատմամբ ճնշում, քանի որ դա չափազանց բարդ սխեմա է թվում, որին պաշտոնյաները, իմ կարծիքով, ունակ չեն։ Ռուսաստանը կարող է արտահայտել սեփական խնդիրները, նույնիսկ Հայաստանին ուղղված դժգոհությունը՝ ավելի պարզ եղանակով։

Բայց այստեղ խնդիրն այլ է։ Առանց որևէ կասկածի, Երևանը ռուսական սպառազինության ցանկացած վաճառք Ադրբեջանին դիտարկելու է՝ որպես Ռուսաստանի կողմից ոչ բարեկամական քայլ։ Եվ որքան ավելի շատ սպառազինություն ուղարկվի Ադրբեջան, այնքան ավելի սուր է լինելու Երևանի դիրքորոշումը։ Չէ՞ որ Երևանը չի մտածում՝ գումարի դիմա՞ց, թե՞ հենց այնպես է Բաքուն ստանում այդ զինամթերքը։ Այդ սպառազինությունը, ի վերջո. կրակում է հայերի ուղղությամբ։ Այս իրավիճակում հենց դա է միակ կարևոր հարցը։

– Այնուամենայնիվ, ի՞նչ խնդիր լուծեց մոսկովյան հանդիպումը։ Ըստ Ձեզ՝ գրանցվե՞ց առաջընթաց բանակցային գործընթացում։ Եթե չեն արդարացել կողմերի սպասելիքները, և չի գրանցվել առաջընթաց, ապա ի՞նչ պետք է սպասել այս հանդիպումից հետո շփման գծում։

– Առաջընթաց չկա և չի կարող լինել, քանի որ 2016թ. ապրիլն իր բոլոր հետևանքներով մի կողմ թողնել արդեն հնարավոր չէ։ Ոչ ոք այսօր՝ 2017թ․ ապրիլին, նույնիսկ մոտ չգնաց նախորդ տարի տեղի ունեցածը գնահատելուն։ Եվս մեկ անգամ կրկնեմ, որ նման իրավիճակներում ինքնին հանդիպման փաստը պետք է առաջընթաց համարել, այսինքն՝ նույնիսկ միաժամանակ երեք նախարարների լուսանկարը մեկ սենյակում։

Հենց այդ պատճառով շփման գծում պետք է սպասել հետագա լարվածության և զոհերի երկու կողմից։ Եվ դա՝ ամենալավ պարագայում։

Տեսանյութեր

Լրահոս