Ծրագրավորման անվճար դասընթացներ՝ համաշխարհային ճանաչում ունեցող Joomag ընկերությունում
Համաշխարհային ճանաչում ունեցող Joomag հայկական ընկերությունն առաջարկում է մասնակցել iOS և վեբ ծրագրավորման անվճար դասընթացների:
«Մենք փնտրում ենք հրաշալի մարդկանց թիմ, ովքեր ունեն տեխնոլոգիական հասարակությանը միանալու քաղց, ովքեր ցանկանում են իմանալ այն ամենը, ինչը կօգնի աճ գրանցել այս ոլորտում, և ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ այդ գործում»,- նշում են դասընթացների կազմակերպիչները:
Դասընթացին մասնակցելու համար կան մի քանի անհրաժեշտ պայմաններ, օրինակ՝ անգլերենի իմացություն, սեփական համակարգչի առկայություն, ինչպես նաև մաթեմատիկայի ոլորտում մասնագիտացում: Կազամակերպիչները նշում են, որ իրենց կարող են միանալ նաև ուսանողները:
iOS-ի դասընթացները տևելու են 1 կամ 2 ամիս, իսկ վեբ ծրագրավորման դասընթացները՝ 2 ամիս՝ շաբաթական 3 անգամ:
Դասընթացներին մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ.
Հիշեցնենք, որ Joomag-ը հայկական արմատներով ամերիկյան ընկերություն է: 2009 թվականին ստեղծված ընկերությունն աշխատանքի 7 տարիների ընթացքում արդեն իսկ ունի 450 հազար հրատարակիչ ողջ աշխարհում: Joomag-ի միջոցով արդեն իսկ ստեղծվել է 13 միլիոն ամսագիր:
Joomag-ի միջոցով մարդիկ կարող են ստեղծել ամսագիր 0-ից, ամբողջությամբ ինտերակտիվ դարձնել այն, տարածել, ստանալ վիճակագրություն այն մասին, թե որքանով է ամսագիրը հետաքրքրում մարդկանց, և վաճառել այդ ամսագիրը:
Ընկերությունը հնարավորություն է տալիս կարդալ ամսագրերն օֆլայն ռեժիմում, իսկ ընդամենը մեկ գործառույթի շնորհիվ ընթերցողը կարող է ստանալ ամսագիրը՝ տպագիր տարբերակով: Դրա համար անհրաժեշտ է առավելագույնը 15 օր:
Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ այսօր առաջնային խնդիր ունեն՝ ընկերությունը ներկայացնել Հայաստանում: Ընկերությունը ցանկանում է հնարավորություն տալ հետաքրքիր, ստեղծարար երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են ծրագրային զարգացումներով, և ստեղծել աշխատատեղեր Հայաստանում:
Սիրարփի Աղաբաբյան