Ահազանգ կառավարությանը. Զավենի տեղադրած գազի բալոնը թեև էժան է, բայց` մահացու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է մեքենաներում գազի բալոն տեղադրելով կարող է զբաղվել ով ասես: Եվ դրա համար նույնիսկ լիցենզիա ստանալ պետք չէ: Ընդամենը հարկավոր է այդ գործով զբաղվելու ցանկություն ունենալ, հայտարարություն տարածել ու սկսել մարդկանց լավություն անելու անվան տակ փող աշխատել: Այսինքն, ով մի քիչ մեքենայից է հասկանում, մի քիչ բալոնի «ելից», «մուտքից» ու կառուցվածքից գաղափար ունի, մի քիչ էլ լսել է, թե ինչպես պետք է այն տեղադրել, կարող է իր հարևանի, բարեկամի, ընկերոջ մեքենայի մեջ գազի բալոն տեղադրել ու համարել, որ նրան բավականին մեծ «լավություն» է արել:
Պատկերն ավելի է սաստկանում, երբ այդ ճանապարհով տեղադրված բալոնը ձեռք է բերված լինում երկրորդային շուկայում: Այս դեպքում արդեն ստացվում է, որ մեքենայում ոչ թե գազի բալոն, այլ սովորական ռումբ է տեղադրված, որն ամեն վայրկյան կարող է պայթել:
Ավտոմեքենաների վրա գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ և սպասարկմամբ զբաղվող կազմակերպություններից մեկի տնօրենը, ով չցանկացավ իր անունը նշել, «Փաստի» հետ զրույցում նույն մտահոգությունը հայտնեց , ասելով, որ Երևան–Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքում գործող գազալցակայանում տեղի ունեցած գազի բալոնի պայթյունի պատճառով երկար ժամանակ կորցրել է հանգիստը: Բայց նրա զայրույթի հիմնական պատճառն այն է, որ ոչ «երեկվա», ոչ «այսօրվա» դեպքերն անգամ չեն ստիպում իշխանություններին նման երևույթների դեմ պայքարելու քայլեր ձեռնարկել:
«Դա առաջին ու վերջին պայթյունը չէ: Էլի են բալոններ պայթելու, մինչև կառավարությունը միջոցներ չձեռնարկի նման երևույթները կանխելու ուղղությամբ: Հարկավոր է խիստ վերահսկողություն իրականացնել և խստորեն արգելել, որ գազալցակայաններում 200 ատմասֆեր ճնշումից ավելի չլիցքավորեն բալոնները: Աշխարհում նման բան չեք տեսնի, բայց մեզ մոտ գազի բալոնները լիցքավորում են մինչ 280 ճնշման տակ, ինչն էլ պայթյունի պատճառ է դառնում»,– ասաց կազմակերպության տնօրենը:
Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը «Փաստին» տեղեկացրեց, որ այն ո՛չ լիցենզավորման, և ո՛չ էլ ծանուցման ենթակա ծառայությունների ցանկում ներառված չէ և հետևաբար հարցը նախարարության մանդատից դուրս է:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն էլ «Փաստին» տեղեկացրեց, որ կազմակերպությունները, ովքեր իրավունք են ստանում գազի բալոններ տեղադրել, պարտավոր են նաև տարին մեկ անգամ ստուգել տեղադրված գազի բալոնի անվտանգությունը, բայց իրականում պատկերը բոլորովին այլ է:
«Պրակտիկայում, այսպես է: Հարևանին, ով մի քիչ այդ գործից հասկանում է, հրավիրում են խորոված ուտելու ու ձեռքի հետ էլ մեքենայի մեջ բալոն տեղադրելու հարցն են լուծում: Բայց հարևանն ինչպե՞ս է տեղադրել, ճիշտ է, սխալ է, որևէ մեկը չի կարող ասել: Բայց հարևանին են դիմում, քանի որ Զավեն ձյաձյան միշտ ավելի էժան է գազի բալոնը տեղադրում, քան հայտնի կազմակերպությունները»,– ասաց Լ. Խալիկյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ օրենքով բալոնը լիցքավորելու ժամանակ գազալցակայանի աշխատակիցը պարտավոր է ստուգել, թե տվյալ բալոնը տարեկան փորձարկում անցե՞լ է, թե՝ ոչ: Եվ եթե անցած չլինի, ապա պետք է այն չլիցքավորի, բայց իրականում նման բան չկա և անկախ ամեն ինչից, բոլոր բալոնները լիցքավորվում են:
Գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ և սպասարկմամբ զբաղվող կազմակերպության տնօրենը նույնպես չհերքեց, որ նման իրավունք ինքը ունի, սակայն նշեց, որ նման տեղեկանք չի տալիս վարորդներին, քանի որ չի կարող վստահ լինել, որ անցած մեկ տարում բալոնը տեխնիկական կանոնակարգերի համապատասխան է շահագործվել:
«Նման տեղեկանք տամ, տանեն բալոնը 280 ճնշման տակ շահագործեն, հետո մի բան լինի՝ ես պատասխան տա՞մ: Առաջին հերթին պետք է պատժել բոլոր նրանց, ովքեր բարձր ճնշման տակ են լիցքավորում: Եվ իրենց թվում է, թե լավություն են անում, բայց իրականում ռումբը դնում են մեքենայի մեջ ու ճանապարհում են: Դրա համար էլ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը, մյուս օրը նման դեպքեր էլի չեն լինի: Ես նորից եմ ասում, համակարգը պետք է վերահսկվի, բայց ինչպես տեսնում եք, իշխանությունների հեչ պետքն էլ չի»,– ասաց կազմակերպության ղեկավարը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: