Պեդրո Ագրամունտին արգելել են նախագահել ԵԽԽՎ նիստը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին արգելել են նախագահել նիստը, որի ժամանակ ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
«Այս պահին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը դեռ (վստահաբար՝ վերջին օրը) զբաղեցնող իսպանացի Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել այս նիստը, որին Պեդրոն շա՜տ երկար էր սպասել։ Ագրամունտին պարտադրված այս ստորացուցիչ իրավիճակը ցրում է վերջին կասկածները. Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականը»,- գրել է Ֆարմանյանը: