Ագրամունտն արեց իր գործը, Ագրամունտը կարող է հեռանալ. Ինչ է սպասվում նրան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը մինչև մայիսի 29-ը հրաժարական կտա: ԵԽԽՎ պատգամավորները նրա հրաժարականը պահանջել էին ապրիլի 24-ին: Պատճառն այն է, որ առանց ԵԽԽՎ-ին իրազեկելու` մարտի 21-ին Արգամունտը մի խումբ ռուսաստանցի պատգամավորների հետ այցելել է Սիրիա, հանդիպել նախագահ Ասադին: Նրա այցը որակվել է որպես պաշտպանություն Ասադին: Ճիշտ է, Ագրամունտը փորձել է արդարանալ, թե դա եղել է մասնավոր այց, ուղղակի մամուլն անարդարացիորեն շահարկել է այն, բայց եվրապատգամավորներին համոզել չի հաջողվել:

Սակայն խնդիրն այն է, որ Ագրամունտը շատ գոհ կլինի, եթե հարցը փակվի միայն «ինքնակամ» հրաժարականով: Բավականին երկար ժամանակ է, ԵԽԽՎ-ում շարունակվում են դեռ 2010 թ. սկսված կոռուպցիայի դեպքերի քննարկումները: Իսկ Պեդրո Ագրամունտը գլխավոր գործող անձանցից է: Իսկ կոռուպցիայի դեպք ասածը` Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու և այդպիսով հակաադրբեջանական բանաձևերն արգելափակելու մասին է:

2012 թ. առաջին անգամ բացահայտված կոռուպցիոն այդ սկանդալը, որը հայտնի դարձավ «Խավիարային դիվանագիտություն» անվամբ, բավականին երկար ժամանակ չէր մտնում քաղաքական քննարկումների օրակարգ: Ագրամունտը, ԵԽԽՎ բարձրագույն օղակների մի քանի այլ դեմքեր, ովքեր նույնպես ներգրավված են եղել այդ սկանդալում, պարզապես արգելափակել են քննարկումները: Նույնիսկ մեկ ամիս առաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդը նամակ էր հղել Ագրամունտին`պահանջելով անհապաղ ստեղծել հետաքննող անկախ մարմին: Սակայն, ինչպես նշել էր ԵԽԽՎ նախկին ղեկավար Անն Բրասերը, Վեհաժողովի ղեկավար մարմինների` մարտի 9–ին Մադրիդում կայացած փակ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ ղեկավարությունը «գերազանցել էր իր լիազորությունները և արգելափակել կառուպցիայի հետաքննությունը»:

Բայց Ագրամունտին ու նրա թիմակիցներին գործը վերջնականապես «ջրել » չի հաջողվել: Արդեն ապրիլի 24–ին գերմանացի քաղաքական գործիչ Ֆրանկ Շվաբեն հայտարարել է, որ ԵԽ նախագահությունը որոշում է կայացրել ստեղծելու երեք անկախ փորձագետներից կազմված հանձնաժողով, որն էլ կզբաղվի ԵԽ պատգամավորների հասցեին կոռուպցիոն մեղադրանքների հետաքննությամբ: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավորներ:

Իսկ կոնկրետ ի՞նչ կոռուպցիոն սկանդալի մասին է խոսքը:

Ինչպես արդեն նշեցինք, սկանդալն առավել հայտնի է «Խավիարային դիվանագիտություն» անվամբ, քանի որ բացի ֆինանսական «շնորհակալությունից» եվրոպացի պատգամավորներն ստացել են նաև սև խավիար: European Stability Initiative (ESI) գիտահետազոտական կենտրոնի` առաջին հրապարակային հետաքննության մեջ նշվում է, որ ԵԽԽՎ 10-12 պատգամավոր և կառույցի քարտուղարության 3-4 աշխատակից տարեկան 4 անգամ ստացել են 0,4-0,6 կգ սև խավիար` որպես նվեր: Լոբբիստներին նաև հրավիրել են Ադրբեջան հանգստի, որտեղ էլ ավելի էական նվերներ են տվել (մետաքսե գորգեր, թանկարժեք զարդեր և ժամացույցներ):

Բայց միայն խավիարով չես կշտանա, ուստի գլխավոր գործող անձինք ստացել են նաև գումար: Օրինակ, ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեն, ում դեմ արդեն պաշտոնապես քրեական գործ է հարուցվել, իր ադրբեջանցի գործընկերներից «խորհրդատվական գործունեություն» իրականացնելու համար ամսական ստացել է 100000 եվրո, նաև` առձեռն գումարներ, ընդհանուր առմամբ` առայժմ ապացուցված է 2,4 մլն եվրո վճարումների հանգամանքը:

2012 թ. հետաքննության մեջ Պեդրո Ագրամունտի անունը նշվում է որպես «վճարովի» հիմնական լոբբիստներից մեկը: Այն ժամանակ նա դեռ ԵԽԽՎ ղեկավարը չէր, բայց Բաքվի համար զբաղեցնում էր ավելի նշանակալի պաշտոն: 2010 թվականից Ագրամունտը Ադրբեջանի մասով մոնիտորինգային կոմիտեի զեկուցողն էր: Նա լինում էր Ադրբեջանում ավելի հաճախ, քան եվրոպացի մյուս պատգամավորները: Նաև` Ադրբեջանում ընտրությունների դիտորդական խմբի անդամ, հետո նաև ղեկավարն էր:

Թե նոր ստեղծվելիք հանձնախմբի աշխատանքի արդյունքում, էլ ինչ նոր բացահայտումներ կլինեն և դրանցում ներգրավված անձինք ինչ պատիժ կստանան, կերևա առաջիկայում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս