Սարկոզին երկրորդ փուլում քվեարկելու է Մակրոնի օգտին
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հորդորել է երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի դեմ, թեեւ համամիտ չէ մյուս ֆինալիստի՝ «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի նախագծի հետ։
«Կարծում եմ, որ Մարին լե Պենի ընտրվելը եւ նրա նախագծի իրականացումը կհանգեցնի մեր երկրի ու նրա քաղաքացիների համար չափազանց ծանր հետեւանքների, ուստի երկրորդ փուլում ես քվեարկելու եմ Էմանուել Մակրոնի օգտին: Այդ ընտրությունը թելադրված է պատասխանատվության գիտակցումով եւ բնավ նրա նախագծին աջակցության դրսեւորում չէ»,-ասված է Սարկոզիի հայտարարության մեջ, որը զետեղված է Facebook-ի նրա էջում:
Երկրորդ փուլ լե Պենի դուրս գալը եւ առաջին փուլում «Հանրապետականների» թեկնածուի՝ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի պարտությունը Սարկոզին որակել է որպես «քաղաքական երկրաշարժ», նշելով, որ խորապես ցավում է այդ արդյունքի համար, սակայն ընդունում է քաղաքացիների սուվերեն ընտրությունը: Սարկոզին նաեւ վերստին նշել է, որ մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: