Բաժիններ՝

Երևանում մեկնարկել է Մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված ֆորումը

Մտավոր սեփականության (ՄՍ) համաշխարհային օրվա շրջանակներում Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Ամերիկայի Առևտրի պալատի և «Մայքրոսոֆթ Հայաստան» գրասենյակի կողմից այսօր կազմակերպվել էր Մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված կոնֆերանս-քննարկում, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը, «Մայքրոսոֆթ Հայաստան» գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը և այլք: Հանդիպմանը ներկա ՀՀ կառավարության ներկայացուցիչները, ոլորտի փորձագետ մասնագետները քննարկում էին Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ներկա վիճակը:

Հանդիպման մոդերատոնը տալով ֆորումի մեկնարկը՝ ընդգծում է՝ մտավոր սեփականության պաշտպանության համակարգն առանցքային մղիչ ուժ է տնտեսական զարգացման համար, որովհետև այն բացում է դեպի երկիր իրականացվող ներդրումների ճանապարհը՝ սկիզբ դնելով ներդրումներին և խրախուսելով նորաստեղծ գաղափարները:

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն իր ելույթում մասնավորապես նշում է.

«Այսօր լրանում է 17-րդ տարին, որ մենք միասին տոնում ենք մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված առիթը: Այս տարվա թեման նորարարությունն է և կյանքի բարելավումը: Այսօր մենք նշում ենք նաև համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպության սահմանած կոնվենցիան, որն ուժի մեջ մտավ հենց այս օրը՝ ապրիլի 26-ին: Այսօրվա միջոցառումները, ինչպես, օրինակ՝ հենց սա, ամրագրում են պետության դիվանագիտական և տնտեսագիտական ջանքերը՝ միտված հեղինակային իրավունքի պաշտպանությանը, ապրանքանիշերի ազդեցությանը՝ երկրի տնտեսական համակարգում, և դրանց ազդեցությանը՝ կյանքի որակի վրա:

Այսօր մենք կփորձենք հասկանալ՝ ինչպե՞ս են այսօր պաշտպանվում մտավոր սեփականության իրավունքները, ինչպե՞ս են խրախուսվում նորարարությունները, որոնք առանցքային գործոններ են հանդիսանում նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման ծավալների աճի և սպառողների համար առավել բարեկեցիկ պայմանների ստեղծման ճանապարհին: Ընդգծելով մտավոր սեփականության պաշտպանության և նորարարությունների կարևորությունը, մենք լույս ենք սփռում այն առաջնային անհրաժեշտությունների վրա, որոնցով կարող ենք պաշտպանել նորարարներին և գյուտարարներին, գիտնականներին ու բիզնեսմեններին, ինչպես նաև՝ բիզնեսով զբաղվող կանանց, բժիշկներին ու դիզայներներին, կարճ ասած՝ բոլորին, ովքեր հանդես են գալիս նորարարի դիրքերից»:

Տեղեկացնենք, որ միջոցառման հատուկ հյուրն էր «Մայքրոսոֆթի» Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Մտավոր սեփականության պաշտպանության բաժնի տնօրեն Լորան Սիգնորեթը: Պարոն Սիգնորեթը հանդես եկավ Մտավոր սեփականությանը և գլոբալ տնտեսությանն առնչվող հատուկ ելույթով:

Միջոցառման խոսնակն էր ՀՀ Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը, ով իր ելույթի շրջանակներում ներկայացրեց Հայաստանում Մտավոր սեփականության բնագավառի իրավիճակը և դաշտում առկա խնդիրները:

Ֆորումի հյուրերը մասնակցեցին մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանն առնչվող լիագումար պանելային քննարկմանը, որի մասնակիցներն էին ՀՀ Մտավոր սեփականության գործակալության Հեղինակային և հարակից իրավունքների բաժնի ղեկավար Քրիստինե Համբարյանը, «Հայ հեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության ԿՀ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի» տնօրեն Սարգիս Կնյազյանը, ոլորտի փորձագետ Արթուր Վարդերեսյանը և «ԲիԷսԷյ» միջազգային ընկերության ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը:

Տեղեկացնենք, որ համաձայն Գլոբալ մրցունակության ինդեքսի 2016- 2017 թթ. ժամանակահատվածի զեկույցի՝ աշխարհի 138 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը (ԱՄՆ-ը զբաղեցնում է 3-րդ տեղը): Մտավոր սեփականության պաշտպանությունը նույնպես չափանիշերից մեկն է, որն ազդում է ընդհանուր վարկանիշի վրա: Համաձայն վերջին զեկույցի՝ այն գնահատվել է 84-րդ մակարդակի վրա (ԱՄՆ-ի հետ համեմատելու համար՝ Մտավոր սեփականության պաշտպանությունը զբաղեցնում է 16-րդ տեղը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս