«Խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն անձնապես հանդիպել է ՀՀԿ-ից առաջադրված բոլոր թեկնածուների հետ». Գառնիկ Իսագուլյան

«Անկախությունից հետո առաջին ընտրությունն էր, որից հետո հետընտրական զարգացումներ չեղան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին:

Անդրադառնալով այն տեսակետներին, որ ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել ընտրակաշառքների բաժանումը՝ Գ. Իսագուլյանը չհամաձայնեց.

«Ինչ խոսք, նման երևույթներ հայաստանյան ընտրական իրականության մեջ առկա են, ու որևէ մեկը դա չի բացառում, բայց դրանք միանշանակ չեն ունեցել այն ազդեցությունը, որ կարող էին էականորեն փոխել ընտրությունների արդյունքները: Հիմնական պատճառն այն էր, որ բացի ՀՀԿ-ից՝ ոչ մեկը չէր նախապատրաստվում ընտրություններին, կամ չէին հասկանում նոր Ընտրական օրենսգրքի հիմնական պահանջները, որոնց առկայությունը բավականին դժվարեցնելու էր չկայացած կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու հարցը»:

Գ. Իսագուլյանը գտնում է՝ ՀՀԿ-ն հաջողություն ունեցավ, որովհետև կատարեց եռաշերտ աշխատանք: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն բոլոր ընտրատարածքներում շտաբներ էր ձևավորել, վարկանիշային թեկնածուներն ունեին իրենց առանձին շտաբները, ՀՀԿ-ն բոլոր ընտրատեղամասերում կազմակերպել էր նաև ընդհանրական շտաբներ.

Կարդացեք նաև

«Սրանց գումարվեց նաև ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանի անհատական աշխատանքը բոլոր 13 ընտրատարածքներում գրանցված թեկնածուների հետ, չնայած նրան, որ նախագահն ուներ բավականին ծանր գրաֆիկ: Չնայած սրա մասին չի խոսվել, բայց ես կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանն անձնապես հանդիպել է ՀՀԿ-ից առաջադրված բոլոր թեկնածուների հետ»:

Բանախոսը կարծում է, որ թեպետ ՀՀԿ-ն կարող է միանձնյա ստեղծել կառավարություն, բայց մնալու է իր խոսքին հավատարիմ և կոալիցիա կկազմի ՀՅԴ-ի հետ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս