ԵՄ-ում ցանկանում են հայրերի համար պարտադիր արձակուրդ սահմանել երեխայի ծնվելուց հետո
Եվրահանձնաժողովն առաջարկում է Եվրամիության անդամ երկրներում սահմանել հայրերի համար նորածինների խնամքի պարտադիր միանվագ արձակուրդ առնվազն տասն աշխատանքային օր ժամկետով: Այդ մասին հայտնել է EURACTIV.com լրատվական ինտերնետռեսուրսը:
Ռեսուրսի տվյալներով՝ ԵՄ-ի նոր օրենսդրության նախագիծը կոչված է «խրախուսել տղամարդկանց»՝ ստանձնելու նորածին երեխաների «խնամքի պարտականությունների ավելի հավասար բաժին»:
Հոր համար երեխայի ծնվելու հետ կապված արձակուրդն օրինականացված է ԵՄ-ի անդամ երկրների մեծ մասում, բացառությամբ Գերմանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի եւ Սլովակիայի, բայց դրա տեւողությունն ու դրա հետ կապված նպաստի չափը տարբեր են: Եվրահանձնաժողովի առաջարկության համաձայն՝ նորածինների հայրերը դեկրետային արձակուրդի ժամանակ պետք է ստանան
նպաստներ, որոնք համարժեք են կամ գերազանցում են վճարումների չափը ժամանակավոր անաշխատունակության դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: