Չեխիայի նախագահը ցավակցել է հայ ժողովրդին
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանդես է եկել Չեխիայի հայությանն ու ողջ հայ ժողովրդին ուղղված ցավակցական նամակով՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին ապրիլի 24-ին ուղղված նամակում, որը հրապարակված է Չեխիայի նախագահի պաշտոնական կայքում, Զեմանն ի մասնավորի նշել է․
«Անձամբ ես մի քանի առիթներով, վերջին անգամ անցյալ տարի հունիսին, Հայաստան կատարած իմ պետական այցի և նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, այդ վայրագությունները որակեցի ցեղասպանություն: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այդ անհանգիստ ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունները վատթարագույն վայրագություններից մեկն էր, որին մարդկությունը արդի ժամանակներում ականատես է եղել»։
Չեխիայի նախագահի կարծիքով, թեև պատմությունը չպետք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, չի կարելի չհիշել այն իրադարձությունները, որոնք «ոչ միայն խլեցին 1,5 միլիոն անմեղ մարդկանց կյանքը, եւ պատմության մի ողբերգական շրջան են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»:
Ամփոփելով նամակը՝ Զեմանն արձանագրում է «Թույլ տվեք․․․ Հայաստանում կատարված զանգվածային կոտորածների կապակցությամբ Ձեր միջոցով իմ խորին ցավակցությունները հայտնել ոչ միայն Չեխիայի Հանրապետության բազմանդամ հայ համայնքին, այլեւ ամբողջ հայ ժողովրդին»։
Նամակի թարգմանությունն՝ ըստ orer.eu-ի