Արամայիս Գրիգորյանը 7 անշարժ գույք և 4 ավտոմեքենա ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը 7 անշարժ գույք և 4 ավտոմեքենա է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Գրիգորյանի 7 անշարժ գույքից երկուսը բնակարան են, մեկը՝ առանձնատուն: Նրան են պատկանում նաև մեկական հասարակական և արտադրական նշանակության շինություններ, հողամաս և բազմամյա տնկի:
Հայտարարագրած ավտոմեքենաներից մեկը բեռնատար է՝ «ZIL MMZ–45021» մակնիշի, մյուս երեքը մարդատար՝ «LEXUS LS 600 HL», «MITSUBISHI PAJERO IO 2.0» և «VAZ 2121» մակնիշների:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին՝ փետրվարի 2–ի դրությամբ կազմել են 776 հազար ԱՄՆ դոլար, 300 հազար ռուսական ռուբլի և 961 միլիոն 278 հազար դրամ: Տարեկան եկամուտները կազմել են 76 միլիոն 687 հազար դրամ, որի մեծ մասը՝ 46 միլիոն 133 հազար դրամը հայտնի չէ, թե ինչ եկամուտներ են. դիմացը նշված է միայն այլ եկամուտներ: Տարեկան եկամուտներից 29 միլիոն 819 հազար դրամը շահաբաժինն է, իսկ 734 հազար դրամն էլ՝ այս տարվա հունվարի մեկից մինչև մարզպետ նշանակվելը նախորդ աշխատավայրում ստացած աշխատավարձը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: