Պենտագոնի ղեկավարը Աֆղանստան է ժամանել չհայտարարված այցով
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ապրիլի 24-ին Աֆղանստան է ժամանել չհայտարարված այցով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Սպասվում է, որ Մեթիսը հանդիպումներ կունենա Աֆղանստանի պաշտոնյաների եւ ամերիկացի զինծառայողների հետ:
Քաբուլ Մեթիսի ժամանումը համընկել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլա Խան Հաբիբի եւ ցամաքային զորքերի շտաբի պետ Քադամ Շահ Շահիմի հայտարարված պաշտոնաթողության հետ այն բանից հետո, երբ «Թալիբան» արմատական շարժման զինյալները հարձակվեցին երկրի հյուսիսում գտնվող ռազմակայանի վրա, ինչի հետեւանքով զոհվեց ավելի քան 150 մարդ:
«Պաշտպանության նախարար Աբդուլա Հաբիբին եւ ցամաքային զորքերի շտաբի պետ Քադամ Շահ Շահիմը թողել են իրենց պաշտոնները, որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ»,-ասված է հայտարարության մեջ, որը զետեղված է Twitter-ում Աֆղանստանի նախագահի դիվանատան պաշտոնական օգտահաշվում:
Ավելի վաղ «Պաժվակ» գործակալությունը հայտնել է, որ ապրիլի 21-ին աֆղանական բանակի համազգեստ հագած զինյալները Բալխի նահանգում ներխուժել են ռազմաբազայի տարածքը: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը: Wall Street Journal թերթը, վկայակոչելով աֆղանցի պաշտոնյաների, հայտնել է, որ հարձակման զոհ էդարձել առնվազն 170 մարդ:
Ապրիլի կեսին ԱՄՆ-ն առաջին անգամ մարտում գերհզոր ոչ միջուկային ռումբ է կիրառել Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: