Ֆիյոնի, Մելանշոնի և Ամոնի կողմնակիցների մեկ երրորդն այլևս չի ցանկանում քվեարկել. Politico
Ամոնի կողմնակիցների մոտավորապես մեկ երրորդը չի քվեարկելու առաջին փուլի հաղթողների՝ Էմանուել Մակրոնի եւ Մարին լե Պենի օգտին: Այդ մասին ապրիլի 24-ին գրել է Politico թերթի էլեկտրոնային տարբերակը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթել է հանրապետության նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 23,75 տոկոսը: «Ազգային ճակատի» նախագահ Մարին լե Պենն ստացել է ձայների 21,53 տոկոսը՝ դառնալով երկրորդ փուլ անցած երկրորդ թեկնածուն: Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 19,91 տոկոսը, չորրորդը՝ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ արմատական շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 19,64 տոկոսը:
«Լե Պենի նկատմամբ Մակրոնի առավելությունը Ֆրանսուա Ֆիյոնի եւ Բենուա Ամոնի կողմնակիցներն են, սակայն նրանց մինչեւ մեկ երրորդը պատրաստ է քվեարկել չլրացված քվեաթերթիկներով կամ չգալ ընտրական տեղամասեր»,-գրում է ինտերնետ հրատարակությունը:
Մակրոնի նախկին մրցակիցները՝ Ֆիյոնը եւ կառավարող Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ամոնը հորդորել են իրենց կողմնակիցներին՝ մայիսի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Մակրոնի օգտին: «Ըմբոստ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Մելանշոնը հույս է հայտնել, որ իր կողմնակիցներն իրենք կորոշեն՝ ում տալ իրենց ձայնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: