Բաժիններ՝

«Շատ հեշտ է ասել՝ չի ստացվելու, հեշտ է ասել՝ ով է մեղավորը, և ինչու է վատ ամեն ինչ». Ռուբեն Վարդանյան

«Ես վստահ եմ մի բանում, որ մենք՝ որպես ազգ, միայն կարող ենք լինել հաջող, եթե հաջողությամբ կարողանանք հաղթահարել մեր բոլոր դժվարությունները, իսկ այդ հաջողության համար մենք պետք է միանանք՝ և՛ սփյուռքը, և՛ Հայաստանը»,- այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը:

Նա համոզված է, որպեսզի Հայաստանը դառնա չքնաղ երկիր պետք է Սփյուռքը և Հայաստանը միավորվեն և գործ անեն. «Եւ մեր զարգացումով ու հաջողությամբ պետք է ցույց տանք բոլորին և մեր հարևաններին, որ իրենց ուզածը չի ստացվելու, որ մենք շարունակում ենք մեր կյանքը, մեր լուման դնում ենք աշխարհի զարգացման մեջ և մենք անում ենք ամեն ինչ, որ աշխարհը, հիշելով այն, ինչ եղել է ապրիլին 102 տարի առաջ, նայելով մեզ՝ հասկանա, որ մենք ունենք 3000 և ավելի տարվա պատմություն, և մենք այն ազգն ենք, որ աշխարհին շատ բան ենք տալիս ու տալու ենք  և շարունակելու ենք լինել վերածնունդի օրինակ»:

Դիտարկմանը, թե քննադատություններ են հնչում, որ Հայաստանում մարդու իրավունքների լուրջ խնդիրներ կան, սակայն մենք միայն խոսում ենք Ցեղասպանության մասին՝ անտեսելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը՝ Ռ. Վարդանյանն այսպես արձագանքեց. «Մեր «Ավրորա» մրցանակը և շարժումը մարդու իրավունքների մասին չէ, մարդու արժեքների մասին է, մենք ավելի լայն բանի մասին ենք խոսում, մենք ասում ենք, որ «Ավրորան» համաշխարհային մարդկային արժեքների մասին է խոսում, այդ արժեքների վրա հիմնված երկիր պետք է ստեղծենք, աշխարհը պետք է պահպանենք, որովհետև աշխարհն իրար հետ կապված է: Դրա համար մեզ համար շատ կարևոր է, որ այդ արժեքների մասին խոսենք, և այդ արժեքները բերելով որպես ֆունդամենտ՝ փոխենք կյանքը և՛ այստեղ, և՛ աշխարահում»:

Լրագրողի ճշտող հարցին, թե կարծում եք՝ Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանվա՞ծ են՝ Ռ. Վարդանյանը պատասխանեց, որ ինքը մասնագետ չէ ու չի կարող պատասխանել:

Կարդացեք նաև

Հարցին էլ, թե իշխանությունները խոսել են փոփոխությունների մասին, դուք տեսնո՞ւմ եք հեռանկար՝ Ռ. Վարդանյանն այսպես պատասխանեց. «Ես լավատես եմ, մենք 17 տարի առաջ սկսել ենք «Հայաստան 20/20» ծրագիրները՝ իմանալով, որ դա շատ դժվար ու երկար ճանապարհ է, բայց ուրիշ ճանապարհ չունենք, պետք է հավատանք, գնանք առաջ: Շատ հեշտ է ասել՝ չի ստացվելու, հեշտ է ասել՝ ով է մեղավորը, և ինչու է վատ ամեն ինչ, լավն անելը դժվար բան է, բայց պետք է անենք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս