Բաժիններ՝

Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության 102­-րդ տարելիցին նվիրված ապրիլի 21­-ին հիշատակի մեծ միջոցառում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է  Prensa Armenia-­ն, հիշատակի արարողության մասնակիցները հավաքվել են Անկախության հրապարակում և քայլել գլխավոր ծառուղով: Արարողությունը կազմակերպվել է «Ուրուգվայի երիտասարդ հայեր» կազմակերպության կողմից:

Երթի ավարտին ներկաների անունից հանդես է եկել Միքայել Դեմիրճյանը, ով շնորհակալություն է հայտնել Ուրուգվային հայկական կողմին ցուցաբերած աջակցության համար: «Տարեցտարի մեր քայլերն ավելի միավորված են այս երթում, որտեղ հիշատակում ենք 1,5 միլիոն հայերին, ովքեր ոչնչացվեցին ավելի քան մեկ դար առաջ:

Սակայն նախ և առաջ սա բողոք է ընդդեմ մի պետության, որը ոչ միայն սիստեմատիկորեն հերքում է իր պատասխանատվությունը 20­-րդ դարի առաջին ցեղասպանության գործում, այլև հետապնդում է այսօր իր իսկ սեփական ժողովրդին:

Օրեցօր ակտիվիստները, լրագրողները և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ընդդիմադիրները հետապնդվում են, բանտարկվում և շատերը ստիպված են լինում աքսորվել միայն նրա համար, որ չունեն այլախոհության համար սեփական իրավունքների երաշխիքները»,­-նշել է նա` ընդգծելով, որ այսօր իրենք պահանջում են ոչ միայն արդարություն և ճանաչում, այլև բարոյական, տարածքային և նյութական փոխհատուցում` որպես ճշմարտության, հիշողության և արդարության բաղկացուցիչ մաս:

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են սպասվում նաև ապրիլի 24­ին Արգենտինայի Կորդովա և Բուենոս Այրես քաղաքներում, ինչպես նաև ապրիլի 26­-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս