Բժշկական 5 կարևոր հայտնագործություններ, որոնք հայերն են արել
Հայկական GetTreated ստարտափի բլոգն իր օգտատերերին է պատմել բժշկական այն կարևոր հայտնագործությունների մասին, որոնք ստեղծել են հայ գիտնականներն ու բժիշկները:
1. Վարազդատ Ղազանչյան (Varaztad Kazanjian). ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը
Երիտասարդ Վարազդատ Ղազանչյանը լքել է Օսմանյան Կայսրությունը, որտեղ աշխատում էր փոստատանը: Հայերի նկատմամբ ճնշումներից հետո Վարազդատ Ղազանչյանը տեղափոխվում է Բոստոն, որտեղ ցանկանում է նոր կյանք սկսել և աշխատում է տեղի գործարաններից մեկում: Էլեկտրական սարքավորումների հետ աշխատելու ճկունությունը Վարազդատ Ղազանչյանին թույլ է տալիս սովորել Հարվարդի Ատամնաբուժական դպրոցում: Համաշխարհային պատերազմի տարիներին նա ծառայության է անցնում՝ որպես բժիշկ:
Չնայած նրան, որ Ղազանչյանն ատամնաբույժի կրթություն ուներ, նա կարողանում է օգնել դիմածնոտային հատվածում ծանր վնասվածքներ ունեցող զինվորներին: Հենց այդ ժամանակ Ղազանչյանի անունը լայն տարածում է գտնում: Նա նորարարական մեթոդներով կարողանում է օգնել դեմքի հատվածում ծանր վնասվածքներ ստացած զինվորներին՝ գրեթե ամբողջությամբ թաքցնելով դեմքի վնասվածքները: Ղազանչյանը, ընդ որում, այդ ամենն իրականացնում էր՝ աշխատելով ծանր պայմաններում:
Պատերազմից հետո Ղազանչյանը վերադառնում է Հարվարդ, որտեղ ստանում է բժշկի որակավորում: Նրա հայտնագործությունները հիմք են հանդիսանում պլաստիկ վիրաբուժության զարգացման համար, և նա դառնում է պատմության առաջին պլաստիկ վիրաբույժը: Տարիների աշխատանքի համար Ղազանչյանը պարգևատրվել է մի շարք մրցանակներով, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի Ջորջ արքան Ղազանչյանին պարգևատրել է Սբ. Միքայելի և Սբ. Գևորգի շքանշաններով:
Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը շատ է զարգացել, և շատերը գուցե չհիշեն Ղազանչյանի նորարարությունների մասին, բայց պետք է հիշել և արձանագրել, որ իդեալական քթերի և իդեալական կրծքերի պատմությունը սկսվել է հայ ատամնաբույժից, ով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգնում էր ծանր վնասվածքներ ստացած զինվորներին:
2. Մայքլ (Միշել) Տեր-Պողոսյան (Michel Ter-Pogossian). PET սկանավորման համակարգ
Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի համակարգը, որն ավելի շատ հայտնի է՝ որպես PET սկանավորման համակարգ, ժամանակակից բժշկության կարևորագույն տեխնոլոգիաներից մեկն է: Այս սարքավորումը կարող էր չստեղծվել կամ ստեղծվել շատ ավելի ուշ, եթե չլիներ գերմանահայ գյուտարար Մայքլ Տեր-Պողոսյանը:
Մայքլ տեր-Պողոսյանը ծնվել է 1925 թվականին Բեռլինում՝ Ցեղասպանությունը վերապրողների ընտանիքում: Սակայն հայ ընտանիքը ստիպված էր տեղափոխվել Ֆրանսիա, քանի որ Գերմանիայում սկսվել էր ֆաշիստական շարժումը: Մայքլ Տեր-Պողոսյանը չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իր ծննդավայրն արժանանում է այն ճակատագրին, ինչ իր հայրենիքը, և, այդ իսկ պատճառով՝ Ֆրանսիայում ակտիվորեն մասնակցում է ֆաշիստների և նացիստների դեմ պայքարին:
Պայքարելուն զուգահեռ, սակայն, Մայքլ Տեր-Պողոսյանը չի մոռանում կրթության մասին: 1946 թվականին նա տեղափոխվում է ԱՄՆ՝ Վաշինգտոնի սբ. Լուիսի անվան համալսարանում սովորելու: Ավելի ուշ ընդունվում է Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոց:
1977 թ. Մ. Տեր-Պողոսյանը ստեղծում է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող համակարգչային Pet սկանավորման սարքը, ինչը մեծագույն հեղափոխություն կատարեց բժշկության ոլորտում. այն թույլ էր տալիս վաղ փուլերում հայտնաբերել քաղցկեղային գոյացությունները և վերահսկել սրտային հիվանդությունները:
Բացի այդ, սարքը հնարավորություն է տալիս լավագույնս գնահատել ուղեղի տարբեր մասերի ակտիվությունը տարբեր մտավոր պրոցեսների ժամանակ: Այն հեղաշրջում կատարեց ուղեղի ֆունկցիաների ըմբռնման, ախտորոշման ասպարեզում:
Իր գիտական գործունեության ընթացքում Մայքլ Տեր-Պողոսյանն արժանացել է մի շարք պարգևատրումների, այդ թվում՝ Ֆրանսիայի Societe Francaise de Medecine Nucleaire et de Biophysique-ի «Ոսկե շքանշանին», Սենտ Լուիսի Գիտությունների ակադեմիայի ցմահ մրցանակին, Ջորջ Չարլզ դե Հևեսիի Միջուկային բժշկության ասոցիացիայի «Միջուկային բժշկության պիոներ» մրցանակին, և այլն:
3. Ռայմոնդ Վահան Դամադյան (Raymond Vahan Damadian). մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի (MRI) ստեղծողը
Հայազգի գյուտարար Ռայմոնդ Վահան Դամադյանը մագնիսա-ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակն է, որն առավել հայտնի է՝ որպես MRI սարքավորում: Այս սարքավորումը թույլ է տալիս զննել ներքին օրգանները՝ առանց վիրահատական միջամտության։
Դամադյանը ծնվել է 1936 թվականին, Նյու Յորքում: Սովորել է Վիսկոնսինի բժշկական համալսարանի մաթեմատիկայի բաժնում: Դամադյանը ստացել է բժշկի գիտական աստիճան Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում:
Դամադյանի հայտնագործությունը բժշկության պատմության մեջ համարվում է հեղափոխական ձեռքբերում: Դամադյանը նշել է, որ թե՛ իր գործընկերները, թե՛ այն մարդիկ, ում նա ներկայացնում էր այս հայտնագործությունը, իրեն խելագար էին համարում, քանի որ ոչ ոք չէր հավատում, որ մարդու հիվանդությունների մասին կարելի է ամբողջական պատկերացում կազմել՝ նրան դնելով մագնիսի մեջ:
Դամադյանը համարվում է բժշկության մեջ հեղափոխական դեր ունեցած մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) ստեղծողը, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ ավելի հեշտ ու արագ հայտնաբերել ու բուժել բազմաթիվ հիվանդություններ:
Դամադյանը պարգևատրվել է ԱՄՆ Տեխնոլոգիայի ոլորտի պետական շքանշանով, ներառված է Ազգային գյուտարարների փառքի դիվանում և «ՄՌՏ տեսածրիչի հայտնագործության համար» ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լեմելսոնի անվան մրցանակը։ Նրա առաջին սարքավորումը, որը կրում էր «Անսանձելի» («Indomitable») անունը, պահպանվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում։
4. Հրայր Շահինյան (Hrayr Shahinian). էնդոսկոպիկ վիրահատության սարքավորումների հեղինակ
Բժիշկ Հրայր Շահինյանը համարվում է էնդոսկոպիկ վիրաբուժության տեխնիկայի հիմնադիրը. այն օգտագործվում է գանգուղեղային տարբեր վնասվածքների բուժման համար:
Նա ծնվել է Բեյրութում, սակայն մանկությունն անցկացրել է Փարիզում: Իր հայրը՝ Գառնիկ Շահինյանը, ինժեներ էր և տարբեր երկրներում շինարարական նախագծեր է իրականացրել: Ընտանիքը շատ է ճամփորդել, եղել է Միջին Ասիայում, Աֆրիկայում:
Հրայր Շահինյանը 1981 թվականին Բեյրութի Ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո սովորել է Չիկագոյի համալսարանի բժշկական դպրոցում և Շվեյցարիայի և ԱՄՆ մի շարք այլ ուսումնական հաստատություններում: Շահինյանը 1992 թվականին պաշտոնապես սերտիֆիկացվել է Վիրաբուժության Ամերիկյան խորհրդի կողմից:
Շահինյանի հայտնագործությունը թույլ է տալիս իրականացնել ուղեղի և գանգի բոլոր տեսակի վնասվածքների վիրահատությունները: Նրա նորարարական մոտեցումն էնդոսկոպիկ վիրաբուժությանը եկավ փոխարինելու նախկինում օգտագործվող ինվազիվ մեթոդներին և մինչ օրս էլ լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում:
Բժշկության ոլորտում հեղափոխական նորամուծության և նորարարական տեխնոլոգիաների կիրառման համար Շահինյանն արժանացել է NASA-ի հատուկ մրցանակին:
Բժիշկ Հրայր Շահինյանն իր գործունեության ընթացքում հրապարակել է ավելի քան 80 գիտական աշխատություններ՝ նվիրված էնդոսկոպիկ վիրաբուժությանը:
«Դա միայն աշխատանք չէ, ոչ էլ՝ մասնագիտություն: Դա կիրք է: Վերջիվերջո ես ահռելի պատասխանատվություն եմ իմ ուսերին վերցնում և մարդկանց կյանքում փոփոխություններ անում»,- մի առիթով ասել է ամերիկահայ բժիշկ, նեյրովիրաբույժ, նախկինում՝ The Skull Base Institute-ի (Գանգաբանության ինստիտուտ) տնօրեն Հրայր Շահինյանը։ Նա աշխատել է Նյու Յորքի, Չիկագոյի, Ցյուրիխի և Լոս Անջելեսի պլաստիկ վերականգնողական և գանգադիմային վիրաբուժության կենտրոններում: «Ես հասկացա, որ մեկ մասնագիտությունն ինձ թույլ չի տալիս հասնել նրան, ինչին ես ցանկանում եմ»,- ասել է բժիշկ Հ. Շահինյանը, ով իր կրթությունը մրցավազքի հետ է համեմատել, ուր ամեն մարզիկ ջանում է միշտ «մարզական» լավ վիճակում լինել:
Հ. Շահինյանի հեղաշրջումային նոր տեսակի, նվազագույն վտանգ ներկայացնող գանգի էնդոսկոպիկ հետազոտումը թույլ է տալիս առավելագույն ստույգ ախտորոշում անել: Եռորակ նյարդը սովորական մանրադիտակի օգնությամբ չի երևում, իսկ էնդոսկոպիկ հետազոտումը ճշգրիտ ախտորոշում է ապահովում: Գանգում փոքր էնդոսկոպ տեղադրելով՝ հնարավոր է դառնում ստանալ հիպովիզի ուռուցքի, ուղեղի ադենոմայի կամ գանգաուղեղային այլ վնասվածքների ամբողջական պատկերը: Ականջի ետնամասից, քթանցքից գանգում տեղադրված էնդոսկոպն ուղեղի լայն պանորամա է ցույց տալիս, ինչի օգնությամբ հնարավոր է դառնում բարդագույն նեյրոխիրուրգիկ միջամտությունն առավել կրճատել, քանի որ հստակ երևում է ուռուցքի էպիկենտրոնը: Այդ եղանակով արված վիրահատությունից հետո կարեր և սպիներ չեն մնում:
Տարիներ առաջ բժիշկ Հ. Շահինյանն իր կողմից մշակված մեթոդով բարդագույն վիրահատություն անցկացրեց և ուղղակի փրկեց 9-ամյա Դեյվիդ Դիգման-Քրովերի կյանքը: Պարզելով, որ ակտիվ քաղցկեղային պրոցես չկա, նա դադարեցրեց քիմիաթերապիան և ուղեղի դժվար հասանելի հատվածից հեռացրեց ուռուցքը: Դեյվիդի պատմությունը մեծ արձագանք ունեցավ ԱՄՆ-ում:
«Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել իմ հայրը, որը միշտ ինձ ոգևորել է և սովորեցրել պայքարել մինչև հաղթանակի հասնելը: Երբ ես շատ փոքր էի, նա ինձ ասում էր՝ լավ սովորիր և աշխատիր յուրաքանչյուր գործ լավ անել»,- պատմել է բժիշկ Հ. Շահինյանը:
5. Ջոն Նաջարյան (John Najarian). Օրգանների փոխպատվաստման մեթոդի հայրը
Բժիշկ Ջոն Նաջարյանը ծնվել է 1927թ. Մինեսոթայում և համարվում է բժշկության հիմնարար՝ փոխպատվաստման բնագավառի հիմնադիրը:
Օրգանների փոխպատվաստման մեթոդը փորձել են տասնամյակներ շարունակ իրականացնել, սակայն իմունային համակարգի թույլ լինելու պատճառով չի ստացվել անել այնպես, որ հիվանդները կարողանան դիմանալ նման ծանր վիրահատությանը: Սակայն շնորհիվ հայազգի բժիշկ Ջոն Նաջարյանի ջանքերի՝ ամեն ինչ փոխվեց:
Բժշկության այն ոլորտը, որ մուտք գործեց Նաջարյանը 1950-ական թվականներին, շատ է տարբերվում այն ոլորտից, որտեղ նա հաջողությունների հասավ: 1954 թվականին երիկամի փոխպատվաստման հաջող վիրահատությունից հետո Նաջարյանը վերանայեց իր ճանապարհը և ասաց. «Եթե դուք կարող եք օրգան տեղադրել մարդու օրգանիզմում և կյանք փրկել՝ հիանալի է, ես ուզում եմ աշխատել այդ ուղղությամբ»: Դրանից հետո բժիշկ Նաջարյանն աշխատել է և ուսումնասիրություններ է կատարել իմունային համակարգի բնագավառում:
Բժիշկ Նաջարյանի հայտնագործությունը, սակայն, միանշանակ չի ընդունվել: Երկար տարիներ նրա հայտնագործության կիրառումն արգելված է եղել, և նրան մեղադրանքներ են առաջադրել, սակայն տարիներ անց նրա վրայից հանվել են բոլոր մեղադրանքները:
Չնայած այս դժվարություններին՝ Նաջարյանը համառ աշխատանքի շնորհիվ հասել է հաջողության և տարածել է իր հայտնագործությունն ամբողջ աշխարհում: Նաջարյանի աշխատանքը թեև շատերի համար վիճահարույց էր, սակայն ժամանակի ընթացքում շատերն են ընդունել, որ Ջոն Նաջարյանը ստեղծել է բժշկության լրիվ նոր ուղղություն, ինչի շնորհիվ ներկայումս բժշկությունը նման բարձր մակարդակի վրա է:
Բժիշկ Նաջարյանը պատմել է, որ իր համար ամենամեծ հաջողությունն այն է, որ մարդիկ փողոցում մոտենում են իրեն և սեղմում են ձեռքը, քանի որ կարողացել է բազմաթիվ կյանքեր փրկել:
ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ