«Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտը հայ համայնքի հետևողական աշխատանքի արդյունք է». Մուրադ Փափազյան
Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտ է: Եվ դա սպասելի էր, որովհետև հայ համայնքը հետևողական աշխատանք է տարել քաղաքական դաշտի ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն` անդրադառնալով նախագահի թեկնածուների հայամետ հայտարարություններին:
«Հայ համայնքը լուրջ աշխատանք է տարել: Դեռևս Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի քննարկման ժամանակ. թե Ազգային ժողովում, թե Սենատում քաղաքական ուժերը քվեարկեցին այն տեքստի օգտին, որը մենք պաշտպանում էինք»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին որևէ թեկնածուին սատարելուն, ապա Մուրադ Փափազյանը նշեց, որ նման դեպքում գործիչը պետք է բացառիկ ներդրում ունեցած լինի Հայ դատի հարցերում:
«Այսօր նույնիսկ եթե նախագահի թեկնածուների հայտարարությունները դրական են, միևնույն է չկա անձնավորություն, ով կարող է նմանվել Ֆրանսուա Օլանդին: Նա արդեն իր մեծ ներդրումն ուներ, նրա հետ հաստատված էին բարեկամական հարաբերություններ: Մենք պահանջեցինք քննարկում անցկացնել նախագահի թեկնածուների հետ, որպեսզի ունենանք այն վստահությունը, որ միայն հայտարարություն չի արվում: Որևէ թեկնածուին զորակցելու համար պետք է անձնական վստահություն ունենանք թեկնածուի նկատմամբ»,-ասաց նա:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն ապրիլի 23-ին է: Առաջին փուլում հայ համայնքի ներկայացուցիչներն ընտրություն կկատարեն ըստ ցանկության:
Ապրիլի 24-ին Փարիզում անցկացվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն, որին ներկա կլինի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հրավիրված են նախագահի թեկնածուները:
«Տեսնենք, թե ով կանցնի երկրորդ փուլ: Ապրիլի 24-ի միջոցառմանը, եթե կլինեն թեկնածուներ, ովքեր խոսք կասեն, հայկական հարցերի հետ կապված անձամբ խոստումներ կտան հայ համայնքի, քաղաքական, հասարակական գործիչների առջև, հնարավոր է երկրորդ փուլում կոչ անենք քվեարկել որևէ թեկնածուի օգտին»,-հավելեց Մուրադ Փափազյանը: