Վիկտորյա Բեքհեմը Բրիտանական կայսրության շքանշան է ստացել
Spice Girls ռոք խմբի նախկին մասնակից, երգչուհի եւ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը արքայազն Ուիլյամի ձեռքից Բրիտանական կայսրության շքանշան է ստացել նորաձեւության ինդուստրիայում ներդրած ավանդի համար, տեղեկացնում է BBC-ին:
Բուքինգհեմյան պալատում կայացած պարգեւատրման արարողությանը աստղը եկել էր ամուսնու՝ ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի եւ իր ծնողների հետ: «Ես հպարտանում եմ, որ այս պարգեւն ստացել եմ Քեմբրիջի դուքսից»,-ասել է երգչուհին, որը նախքան ամուսնությունը հայտնի էր Վիկտորյա Ադամս անունով:
«Եթե դու ազատություն ես տալիս քո երազանքներին ու շատ ես աշխատում, դու կարող ես հասնել աներեւակայելի բարձունքների: Ես շատ երջանիկ եմ, որ այս պահը կիսում եմ ծնողներիս ու ամուսնուս հետ, առանց նրանց սիրո ու աջակցության դա անհնարին կլիներ»,-հավելել է ջինսե հագուստի dVb Style մակնիշի հիմնադիրը:
Բացի հագուստի դիզայնից, Վիկտորյա Բեքհեմը նաեւ ստեղծել Է արեւապաշտպան ակնոցների շարք, Intimately Beckham պարֆյումերային բույրի հեղինակն է եւ գրել է ժամանակակից նորաձեւության ձեռնարկ։