Մարտուն Գրիգորյանը Շիրակի մարզն է ուզում. Իսկ Դաշնակցությո՞ւնը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզը Ազգային ժողովում ներկայացնող նախկին պատգամավոր, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում թիվ 11 ընտրական տարածքում՝ Շիրակի մարզում, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակ ընդգրկված Մարտուն Գրիգորյանը, որը բավարար քվեներ չունենալու պատճառով չի լինելու 6-րդ գումարման Ազգային ժողովում, ցանկանում է Շիրակի մարզպետ դառնալ:
Լավատեղյակ շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ում ունեցած խոսակցության ընթացքում Գրիգորյանն ակնարկել է Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու մասին: նույն աղբյուրները փոխանցում են, որ Շիրակի մարզպետի պորտֆելը Գրիգորյանին տալու կամ չտալու հարցով վերջնական որոշում չի ակայացվել:
Մեր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էինք, որ ՀՀԿ էլիտայից հետընտրական շրջանում Գրիգորյանին առաջարկվել է զբաղեցնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների կամ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոններից որևէ մեկը: Գրիգորյանը, սակայն, փոխնախարարի պաշտոն չի ուզում:
Հիշեցնենք, որ Սահմանադրական հանրաքվեից հետո Շիրակի մարզը Սերժ Սարգսյանը «հանձնել էր» ՀՅԴ-ին: Դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն էլ ԱԺ ընտրությունների արդյունքներով ապահովագրել է իր տեղը ԱԺ-ում: Նա հարազատ կուսակցությանը խոստացել էր 10 հազար ձայն, բայց վերջնարդյունքում Շիրակից ՀՅԴ-ն ստացել էր 12 հազար 354 քվե»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: