Բաժիններ՝

«Ժողովո՛ւրդ ջան, դուք Գագիկ Սուրենյանի հեռախոսի համարը չունե՞ք». Նիկոլ Փաշինյան

Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում էր Մաշտջոցի պողոտայից և խոսում էր այնտեղ կատարվող շինարարական աշխատանքների մասին։

«Երեկվա իրադարձությունների հետ կապված երկու լուր ունեմ, մեկը՝ լավ, մյուսը՝ ոչ այդքան։ Խնդիրն այն է, որ գիշերը Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայի՝ խնդրո առարկա հատվածը ասֆալտապատել է, և դա լավ լուր է։ Իհարկե, քաղաքապետարանի պաշտոնյաները կպնդեն, որ վաղուց՝ դեռևս անցյալ տարի, էր պլանավորված, որ հենց այդ օրը՝ այդ ժամին պետք է տեղի ունենա ասֆալտապատումը, բայց այս պահին դա նույնիսկ էական չէ:

Վատ լուրը հետևյալն է՝ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որից մենք իմանում ենք այն փիլիսոփայությունը, որով նա՝ Երևանի քաղաքապետարանը, աշխատում է։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, երբ քաղաքապետարանն ասում է՝ այո՛, այս փոսային լցումները, ասֆալտապատումները կարող են մի քանի օր տևել։

Ես ուզում եմ իմ կտրական անհամաձայնությունը հայտնել դրա հետ, որովհետև նման ասֆալտապատումը և նման պրոցեսը չի կարող և չպետք է մի քանի օր տևի, որովհետև դա բացարձակապես նշանակում է խաղալ քաղաքացիների նյարդերի հետ, կասեցնել քաղաքային տնտեսության աշխատանքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով այդ աշխատանքների վերաբերյալ իր պատկերացումների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանցից առաջ պետք է որոշակի նախապատրաստական աշխատանքներ կատարվեն, 1-2 օր առաջ հեռուստատսությամբ պետք է հայտարարվի, որ տվյալ հատվածում աշխատանքներ եբն կատարվում, և մեքենաները չեն կարող կայանել տվյալ հատվածում։ Ըստ նրա՝ դրանից հետո պետք է կատարվեն փողոցի վնասված հատվածների քանդման աշխատանքներ։

«Շատ հետաքրքիր մի հանգամանք։ Երևանի քաղաքապետարանը երկարաձգելու պրոցեսը կապում է նաև անձրևային եղանակների հետ։ Ժողովո՛ւրդ ջան, դուք Գագիկ Սուրենյանի հեռախոսի համարը չունե՞ք։ Եթե չունեք հեռախոսի համարը, ասեք՝ փոխանցենք այդ համարը։ 21-րդ դարն է, և օդերևութաբանական ծառայությունները երբեմն նույնիսկ րոպեի ճշտությամբ ասում են՝ երբ է անձրև գալու, եղանակը երբ, ինչպիսին է լինելու։

Հետևաբար այդ աշխատանքները պետք է հարմարեցվեն եղանակային պայմաններին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ 21-րդ դարն է, գոյություն ունեն մի շարք սարքեր, և Երևանի Մաշտոցի պողոտայի մի երթևեկելի կողմի ասֆալտապատումը պետք է կատարվի մեկ օրվա, մի քանի ժամվա ընթացքում։

«Հակառակ դեպքում, ի՞նչ է նշանակում, փողոցը քանդել, մի շաբաթ սպասել, որ չորանա, հետո չիմանալ, որ այդ շաբաթվա մեջ 5 օր անձրև է գալու։

Սա ուղղակի տարօրինակ պահվածք է Երևանի քաղաքապետարանի կողմից, և ես նորից եմ ասում՝ ես պարտավորվում եմ, որ այն պահից, երբ կլինեմ Երևանի քաղաքապետ, նման պրոցեսներն ուղղակի կբացառվեն։ Ամեն ինչ տեղի կունենա արագ, տեղում, որակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ուզում է բոլորիս շնորհավորել, որ վերջապես 5, որոշ վկայություններով՝ 6 օրվա դադարից հետո Երևանի Մաշտոցի պողոտայի երթևեկությունը վերականգնվել է։ «Ես մեզ բոլորիս՝ վարորդներիս շնորհավորում եմ այս դարակազմիկ իրադարձության կապակցությամբ և ուզում եմ ասել, որ իրականում այն պահից, երբ ինձ Երևանի քաղաքապետ կընտրեք, նման դարակազմիկ իրադարձությունների չեք հանդիպի, կհանդիպեք օրակազմիկ իրադարձությունների»,- եզրափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս