«Անկանխատեսելի Թուրքիա կտեսնենք ոչ միայն Սիրիայում, այլ նաև Իրաքում». Սարգիս Գրիգորյան
«Սահմանադրական հանրաքվեն Էրդողանի հաղթանակի իրավական ամրագրումն էր, որն իրականացվեց հեղաշրջման չստացված փորձից հետո։ Այս ամբողջ համապատկերի համատեքստում մենք պետք է խոսենք ավելի հավակնոտ և ավելի անկանխատեսելի Թուրքիայի մասին՝ ոչ միայն Թուրքիայի ներսում, այլ նաև տարածաշրջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
Արաբագետը չի բացառում, որ սահմանադրական բարեփոխումների հաղթանակից հետո մենք տեսնենք այլ Թուրքիա՝ Մերձավոր Արևելքում. «Անկանխատեսելի Թուրքիա կտեսնենք ոչ միայն Սիրիայում, այլ նաև Իրաքում, քանի որ այդ մասին, մինչ սահմանադրական փոփոխությունները, հայտարարում էին թուրքական իշխանությունները»։
Ս. Գրիգորյանը նշեց, որ թուրքական իշխանությունները խնդիր ունեն աշխատելու էթնոդավանական խմբերի հետ հենց Թուրքիայի ներսում. «Ավելի ակտիվ աշխատանք՝ հատկապես քրդերի հետ, կարծում եմ՝ կլինի, զուգահեռ՝ ակտիվ ռազմական գործողություններ կլինեն այն կառույցների դեմ, որոնք չեն կիսելու Էրդողանի քաղաքականությունը (Խոսքն PKK-ի մասին է)։ Բայց այս փուլում, այնպիսի գործողություններ, որոնք կվնասեն Թուրքիայի ամբողջականությանը, չեն կատարվի։ Ավելի շատ դրում կլինի այդ ակտիվությունը, հատկապես՝ քրդերի դեմ, հետո ուժային գործողությունների նժարը կփոխվի դեպի Թուրքիայի ներս»։
Նա ընդգծեց, որ Թուրքիան չի գնա ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ հարաբերություններում կտրուկ փոփոխությունների, թեև որոշակի հստակություններ կլինեն. «Թուրքիան չլուծված խնդիրներ ունի իր ներսում և հարակից տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը կաշխատի ի վնաս իր ծրագրերի»: