Կառավարությունը կարող է հրաժարվել Իրանի հետ սահմանի ազատ տնտեսական գոտու գաղափարից. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Մեծ է հավանականությունը, որ կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից: Դրա պատճառները մի քանիսն են, իսկ ամենակարեւորը տնտեսական նպատակահարմարության բացակայությունն է:
Ազատ տնտեսական գոտին, որը պետք է տեղակայվի Ագարակ քաղաքի հարակից տարածքում, սկզբնական շրջանում պահանջում է մոտ 30 միլիոն դոլարի ներդրում: Սակայն վերջին շրջանում, երբ կրկին սրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ հարաբերությունները, ազատ տնտեսական գոտու առանց այդ էլ ոչ հստակ հեռանկարները դարձել են ավելի մշուշոտ: Բացի դրանից, այդ ազատ գոտու հաջող գործունեության հիմքում դրված էր Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի հարաբերությունների խորացման ծրագրերը:
Սակայն վերջին շրջանում այդ հարաբերությունների խորացման, մասնավորապես՝ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը, ըստ էության, կանգ է առել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: