ԱՄՆ-ում գիտնականներն ինքնավերականգնվող ապակի են ստեղծել սմարթֆոնների համար
Կալիֆոռնիայի Ռիվերսայդի համալսարանի գիտնականերն սմարթֆոնների համար ստեղծել են ապակի, որն ինքնավերականգնվելու ունակություն ունի: Ինչպես հայտարարել է գիտական խմբի ղեկավար Չաո Վանը՝ ներկայացնելով նոր նյութը, ապակին շատ կայուն է զանազան ճաքերի, քերծվաքների եւ կտրվածքների առաջանալու նկատմամբ։
«Մեր ստեղծած ապակին կարող է անցկացնել էլեկտրական հոսանք, ուստի որպես սմարթֆոնների եւ այլ շարժական տեխնիկայի դիսփլեյներ դրա օգտագործումը շատ նպատակահարմար է թվում»,-պարզաբանել է գիտնականը:
Ինչպես նա է պնդում, եթե ստեղծված նյութը ջարդվի երկու մասի, ապա երկու կեսերը կարող են լիովին վերականգնվել եւ սերտաճել ընդամենը մեկ օրում: Այն նաեւ մեծ ճկունություն ունի եւ կարող է ձգվել՝ 50 անգամ ավելի երկար դառնալով սկզբնական չափից:
Չաո Վանը համոզմունք է հայտնել, որ նոր ապակին շուկա դուրս կգա արդեն առաջիկա երեք տարվա ընթացքում եւ «կփոխի մեր առօրյա կյանքը»:
Մասնագետները համոզված են, որ իրենց նյութը, բացի սմարթֆոններից, կարելի է նաեւ օգտագործել ռոբոտներ եւ այլ տեխնիկա ստեղծելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: