Բաժիններ՝

Հիվանդության 15 նշան, որ ուղարկում է մեր օրգանիզմը

Golbis.com-ը գրում է, որ հիվանդություններն արտահայտվում են նաև արտաքին նշաններով։ Հարկավոր չէ ինքնաբուժմամբ զբաղվել, բայց կարևոր է անուշադրության չմատնել այն նշանները, որոնք ուղարկում է օրգանիզմը։

Ուռած կոպեր։ Այս կերպ օրգանիզմը կարող է հաղորդել երիկամների հետ կապված խնդիրների մասին, հատկապես, եթե սա ուղեկցվում է սառը, գունատ մաշկով։

Վառ լույսի նկատմամբ հիվանդագին զգայունություն։ Սա կարող է ալկոհոլի կամ ծխախոտի չարաշահման նշան լինել։ Ժամանակն է՝ ազատվել վնասակար սովորություններից։ Երբեմն սա կարող է վկայել նաև A վիտամինի անբավարար քանակի մասին։ Այս դեպքում հարկավոր է ավելի շատ օգտագործել պանիր, գազար և լոլիկ։

Ակնագնդերի գույնի փոփոխություն, մուգ շրջանակներ աչքերի տակ։ Եթե աչքերը կարմրել են, չափեք աչքի ճնշումը։ Հնարավոր է՝ այն բարձր է։ Աչքերի դեղնությունը վկայում է լյարդում բիլիռուբինի մեծ քանակի մասին։ Աչքերի տակ մուգ շրջանակների առկայությունը կարող է վկայել քբի պակասի և օրգանիզմի ընդհանուր հյուծվածության մասին։ Բացի այդ՝ բժիշկները խորհուրդ են տալիս հետազոտել սիրտը, քանի որ սա կարող է վկայել նաև սրտի պաթոլոգիայի առկայության մասին։

Կարդացեք նաև

Ճաքճքած շուրթեր։ Եթե շուրթերին և բերանի անկյուններում ճաքեր են հայտնվել, մկանային թուլություն եք զգում, առկա է մազաթափություն, ինչպես նաև խնդիրներ կենտրոնանալու հետ, սա օրգանիզմում B2 վիտամինի անբավարար քանակի պարզ նշան է։ Հավասարակշռությունը վերականգնելու գործում ձեզ կօգնեն ձուն, կաթնամթերքը, ընդեղենը, լոլիկը, տանձը, սոյան, ծաղկակաղամբը։

Սպիտակ փառ՝ լեզվին։ Այս երևույթը հաճախ ուղեկցում է այն մարդկանց, ովքեր մրսած են կամ քաղցած են մնում։ Եթե սրա հետ միասին լեզվի ծայրերին կարմրություն է հայտնվում, մեծ է գաստրիտի հավանականությունը։ Բաց մոխրագույն փառը կարող է աղեստամոքսային տրակտի խանգարման պատճառ լինել։ Եթե սա ուղեկցվում է շուրթերի ուռածությամբ և մաշկի չորությամբ, ամենայն հավանականությամբ, օրգանիզմը երկաթի պակաս ունի։ Խորհուրդ. ավելի քիչ օգտագործեք խիտ թեյ կամ սուրճ, քանի որ սրանք խոչընդոտում են այս էլեմենտի յուրացմանը։ Սննդակարգ ներառեք սունկ, ձուկ, խնձոր, ցիտրուսային մրգեր։

Չորություն բերանում։ Սովորաբար սա ռեակցիա է սթրեսին և ապրումներին։ Եթե չորությունը երկար է շարունակվում, և գրգռված եք դարձել, օրգանիզմը վիտամին B3-ի կարիք ունի։ Այն կարող եք ստանալ՝ օգտագործելով թռչնամիս, ընդեղեն, տավարի միս։ Հարկավոր է նաև հաշվի առնել, որ բերանի չորությունը երբեմն առաջանում է թքագեղձերի բորբոքման հետևանքով կամ շաքարային դիաբետի սկզբնական փուլում։

Տհաճ հոտ բերանից։ Հարկավոր է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը։ «Ամիակային» հոտի դեպքում հարկավոր է ստուգել լյարդն ու երիկամները, իսկ նեխած հոտի առկայության դեպքում ուշադրություն դարձրեք քրոնիկ բրոնխիտին։

Թեփոտվող մաշկ։ Այս խնդիրը հաճախ А և B2 վիտամինների անբավարար քանակի հետևանք է։ Ուշադրություն դարձրեք սննդակարգին։ Ամբողջական սնուցումը ձեզ կվերադարձի գեղեցկությունը։ Եթե թեփոտումն ուղեկցվում է ուժեղ քորով և բորբոքմամբ, հարկավոր է դիմել մաշկաբանի՝ առկա է սնկային հիվանդության վտանգ։

Կապտագույն հետքեր։ Եթե նույնիսկ թույլ սեղմման դեպքում այսպիսի հետքեր են հայտնվում, հնարավոր է՝ արյան մակարդելիության կամ լյարդի գործունեության հետ կապված խնդիրներ են առկա։ Հստակ պատկերը պարզ կդառնա լաբորատոր անալիզների հանձնման արդյունքում։

Լիմֆատիկ հանգույցների մեծացում։ Սա վկայում է օրգանիզմում բորբոքային պրոցեսի առկայության մասին։ Խոսքը կարող է լինել ինչպես՝ սովորական մրսածության, այնպես էլ՝ առավել բարդ հիվանդությունների մասին, որոնք բժշկական միջամտություն են պահանջում։

Մեզի մուգ գույն։ Պատճառներից մեկը կարող է այն լինել, որ անհրաժեշտ քանակով հեղուկ չեք օգտագործում։ Եթե սա ուղեկցվում է բարձր ջերմությամբ և թուլությամբ, հնարավոր է՝ առկա են միզասեռական համակարգի հիվանդություններ։ Հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։

Առատ քրտնարտադրություն։ Հարկավոր է հետազոտել վահանաձև գեղձը։ Եթե սովորաբար քրտնում եք գիշերային ժամերին, սա կարող է վկայել նյարդային հյուծվածության մասին։

Վերքերի դանդաղ ապաքինում։ Ամենայն հավանականությամբ, օրգանիզմում ցինկի պակաս կա, որը հեշտությամբ կարող եք լրացնել՝ օգտագործելով ծովամթերք և լոբազգիներ։

Փոսիկներ եղունգներին։ Եղունգներին բազմաթիվ փոսիկների առկայությունը վկայում է ավիտամինոզի կամ քրոնիկ սթրեսի առկայության մասին։ Եթե եղունգին երկայնակի փոսիկներ են առաջացել, սա կարող է վկայել վատ նյութափոխանակության մասին։ Երկար ժամանակ չանհետացող փոսիկները ձեզ զգուշացնում են, որ հարկավոր է ստուգել ենթաստամոքսային գեղձը։

Բշտիկներ։ Մեր մաշկը ներքին օրգանների հայելին է։ Եթե թոքերում ավելորդ լորձ և հեղուկ է կուտակվել, կարող են բշտիկներ առաջանալ այտերին։ Եթե այտերին բորբոքված բշտիկներ են առաջացել, սա կարող է նշանակել, որ առկա են խնդիրներ աղիների աշխատանքի հետ կապված։ Եթե մշտապես բշտիկներ են առաջանում քունքամազերի հատվածում, խնդիրը կարող է լյարդի կամ լեղապարկի թերֆունկցիան լինել։ Ճակատին բշտիկների հաճախակի առաջացումը վկայում է որովայնի հետ կապված խնդիրների առկայության մասին։ Ծնոտին և այտերի ներքևի հատվածում կարմիր բշտիկների առաջացումը վկայում է հորմոնալ խանգարման և միզասեռական համակարգի վարակի մասին։

Իհարկե, հարկավոր չէ մոռանալ բժշկական ժամանակակից տեխնոլոգիաների և բուժման մեթոդների մասին։ Այդ պատճառով խնդիրների առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը, անցնել հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում բուժում ստանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս