Բաժիններ՝

Յուլյա Սամոյլովան կմասնակցի 2018­-ի «Եվրատեսիլ»-­ին. Էռնստ

Երգչուհի Յուլյա Սամոյլովան, որը չի մեկնի այս տարվա մայիսին Կիեւում անցկացվելիք «Եվրատեսիլ»-­ին, կմասնակցի 2018 թվականի մրցույթին. Եվրոպական հեռարձակողների միության հետ կա համապատասխան պայմանավորվածություն: Այդ մասին ՏԱՍՍ­-ին հայտնել է «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը:

Նախօրյակին «Առաջին ալիքը» հրաժարվել է Կիեւի երաժշտական ստուգատեսը հեռարձակելուց: Որոշումն ընդունվել է Ուկրաինա Սամոյլովայի մուտքի արգելման ֆոնին:

«Մենք դա քննարկել ենք Եվրոպական հեռարձակողների միության հետ, եւ նրանք գիտեն, որ Ռուսաստանից մասնակցելու է Յուլյա Սամոյլովան»,­-ասել է Էռնստը՝ պատասխանելով «Եվրատեսիլ-­2018»-­ին Ռուսաստանի մասնակցության հնարավորության վերաբերյալ ՏԱՍՍ-­ի թղթակցի հարցին:

Ավելի վաղ Յուլյա Սամոյլովան ասել է, թե վշտացած է, որ ԵՀՄ-­ն չկարողացավ Կիեւի հետ կարգավորել Ուկրաինա իր մուտքի արգելման հարցը: Այդուամենայնիվ, երգչուհին հուսով է, որ երբեւիցե ելույթ կունենա մրցույթում:

«Ես հավատում եմ, որ դա դեռ տեղի կունենա: Իմ օրինակով ես ցանկանում եմ ոգեշնչել բոլոր մարդկանց, որ նրանք չհանձնվեն ցանկացած իրավիճակում»,­-ասել է Սամոյլովան:
Ապրիլի 13­-ին Առաջին ալիքը նամակ է ստացել երգի մրցույթի կազմակերպիչներից, որով տեղեկացվում է, որ ԵՀՄ­-ն չկարողացավ ուկրաինական կողմի հետ փոխզիջման հասնել այդ հարցի շուրջ: Դրանից հետո Առաջին ալիքը որոշում է ընդունել հրաժարվել մրցույթի հեռարձակումից: Մրցույթի կազմակերպիչները հաստատել են, որ Ռուսաստանը չի մասնակցի շոուին, եւ ափսոսանք են հայտնել, որ երկիրն այս տարի չի կարողանա «Եվրաստեսիլ»-­ի մաս դառնալ:

«Եվրատեսիլ­-2017»-­ի կիսաեզրափակիչներն Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվելու են մայիսի 9­-ին եւ 11­-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-­ին: Գլխավոր արենան կդառնա Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս