Picnic. գաղափարի ծնունդը
Picnic հյուրանոցային ցանցի հիմնադիրներ Արտաշես Մելքումյանն ու Գեղամ Ազատյանն ուսանողական ընկերներ են, արևելագետ-արաբագետ, որոնց այժմ նաև միավորում է ընդհանուր բիզնեսը:
«Օտարերկրացիների հետ մեր հաճախակի շփումները հանգեցրին մտքին, որ Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելուն ուղղված ինչ-որ բան պետք է անել. առաջին միտքը գին-որակ լավ համադրությամբ գիշերելու տեղ առաջարկելն էր: Մենք սկսեցինք Երևանում ընդամենը մեկ հարմարավետ բնակարանի վարձակալությամբ»,- ասում է ցանցի համահիմնադիր Արտաշես Մելքումյանը:
Արամի փողոցում 2013 թվականին վարձակալած բնակարանին մեկ տարվա ընթացքում ավելացան ևս չորսը:
Ընկերությունը նոր էր հիմնադրվում, ու անուն էր պետք մտածել:
«Ընտանիքներով գնացել էինք պիկնիկի, ընկերության անվան շուրջ հնարավոր բոլոր տարբերակները քննարկելուց հետո ծնվեց միտք, որ հենց «Picnic» դրվի: Ու ստացվեց այսպիսի՝ դրական էմոցիաներով, բնություն, կանաչ, գարուն ու ակտիվ կյանք խորհրդանշող անուն»:
Երկու տարի անց՝ 2015թ.-ին, Կողբացի 20 հասցեում բացվեց 3 աստղանի, 12 համար ունեցող City Centre հյուրանոցը: Մի քանի ամիս անց Սարյան 26/1 հասցեում բացվեց City Hotel-ը: Մեկ տարի անց ցանցը բացեց InnCity Hotel by Picnic հյուրանոցը՝ Ձորափի 5 հասցեում:
Քաղաքային անվանումները պատահական չեն ընտրվել ու համապատասխանում են հյուրանոցների հասցեներին. զբոսաշրջիկի համար նույնպես միանգամից պարզ է դառնում, որ հյուրանոցները քաղաքի կենտրոնում են, մոտ ու հարմար:
Բոլոր հյուրանոցների ներսում հետաքրքիր, յուրօրինակ ու մատչելի սրճարաններ կան, ինչը հնարավորություն է տալիս զգալ քաղաքի անցուդարձը հենց կողքիդ: Չնայած դրան, հյուրանոցներում միշտ անաղմուկ ու խաղաղ մթնոլորտ է:
Ապագայի ծրագրեր.
Picnic ցանցի նպատակն է՝ ստեղծել լոկալ հյուրանոցային ցանց, որն իր մեջ կընդգրկի ոչ միայն մայրաքաղաքը, այլև մի քանի մարզ, արդյունքում՝ ստանալ լավ բրենդ հյուրանոցային բիզնեսում ու գրավել արտասահմանցիներին, որպեսզի ավելի շատ գան Հայաստան:
Նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաները՝ մեզ համար որպես գործընկեր.
Բիզնեսը 21-րդ դարում անհնար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների: Հյուրանոցային ցանցը ևս ակտիվորեն կիրառում է ՏՏ ոլորտը բիզնեսի կառավարման, հետևման և առաջընթացի ապահովման համար:
ՏՏ ոլորտի օգնությամբ է, որ հնարավոր է դարձել հետևել հյուրանոցների ներքին մաքրությանը, կազմակերպել ճիշտ հանգիստ ու առավելագույն անվտանգություն
հյուրերի համար:
Տեղեկատվական տեխնոլոգիաներն արագ գրավում են ամբողջ համակարգը՝ բացառելով մարդածին սխալները և մարդկային գործոնը թողնելով միայն մարդկային շփումների համար:
Մեր առավելությունը.
«Մենք շեշտը հյուրանոցների տեղակայման ու հարմարավետության վրա ենք դրել:
Picnic-ի հյուրանոցներում մշտապես ջերմ ու ընկերական մթնոլորտ է.այստեղ դերերը բաշխված են այնպես, որ խոհարարը կարող է օգնել զբոսաշրջիկին գտնել ինչ-որ տեսարժան վայր, վարորդը կարող է լինել նաև գիդ, տնօրենը կարող է կատարել ընդունարանի աշխատողի գործը, իսկ ընդունարանում միշտ սիրալիր և պատրաստակամ են օգնել մեր հյուրերին ցանկացած հարցում:
Մեր ամենամեծ գնահատականը մեր հյուրերի վերադարձն է, ինչը լինում է համարյա միշտ»:
Ցանցը նաև օգնում է բացահայտել ու սիրել Հայաստանը.
«Մեր գերնպատակը երկիր այցելող օտարերկրացիների համար Հայաստանը գրավիչ դարձնելն է, այստեղ տուրիզմի զարգացումը խթանելը»:
Ցանցում վստահ են, որ զբոսաշրջիկին ներկայացվող սպասարկման ամբողջական փաթեթը երկրի մասին գլխավոր տպավորություն ստեղծողն է: Օդանավակայանից մինչև վերադարձ զբոսաշրջիկն անցնում է մեր հասարակության վերաբերմունքի ու մատուցվող ծառայությունների միջով. օդանավակայանից հետո հյուրանոցն ու հյուրանոցի ընդունարանն առաջինն են, որ կա՛մ կփոխանցեն, կա՛մ չեն փոխանցի հայկական էներգիան:
«Մեր ոլորտում, գոնե մեր մասով, մենք զբոսաշրջիկին տալիս ենք Հայաստանին հատուկ հյուրընկալությունն ու ջերմությունը»,- ասում է համահիմնադիրը:
Այստեղ նաև մշտապես հետևում են հյուրերի՝ այս կամ այն առաջարկներին ու տպավորություններին, որպեսզի ավելի կատարելագործեն սպասարկումը:
Երկիրը գրավիչ դարձնելու ուղղությամբ ևս մեծ ու փոքր քայլեր են արվում: Picnic-ը պարբերաբար կազմակերպում է աղբահավաք-շրջայցեր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր, որպեսզի որևէ բան չփչացնի Հայաստանի մասին ամբողջական դրական տպավորությունը:
Picnic-ն առաջարկում է այցելել Հայաստան ու հետ գնալ՝ սիրահարված Հայաստանին ու մտքի մեջ ունենալով անպայման վերադառնալու որոշումը: