«Փարաջանովն իմ ուսուցիչն է». Յուրի Մեչիտով
«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» ցուցահանդեսի բացումը, որին մասնակցում էր ինքը՝ հեղինակը:
«Սա իմ կյանքի մի մասն է, կյանքի հետ շփվելու մի մասը։ Այստեղ պատկերված են մարդիկ, որոնց հետ ես շփվել եմ։ Յուրաքանչյուր կտավի մեջ մի պատմություն է ամփոփված: Այստեղ ներկայացված են վերջին 40 տարիների ընթացքում իմ արած լուսանկարները: Սրանք մարդկային ճակատագրերի պատմություն են»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ազգությամբ վրացի հայտնի լուսանկարիչը:
Հայտնի է, որ Յուրի Մեչիտովն աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչն էր և մեծ բարեկամը: Պատահական չէ, որ իր ստեղծագործական կյանքում նա չէր կարող զերծ մնալ փարաջանովյան ազդեցություններից.
«Փարաջանովի հետ շփվելու բացառիկ հնարավորություններ եմ ունեցել: Մոռանալ դրանցից որևէ մեկը հնարավոր չէ: Նա մի մարդ էր՝ անհատականություն, ով ինքն էր «նկարում» իր ապրած կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: Փարաջանովն իմ ուսուցիչն է»,- ասաց լուսանկարիչն ու ցուցահանդեսի այցելուներին սեփական ինքնագրով Փարաջանովի լուսանկար-բացիկները նվիրեց:
Յուրի Մեչիտովը հեղինակ է Վրաստանում երբևէ ապրած և ապրող հայտնի ու անհայտ մարդկանց: Մեծ ճանաչում է վայելում վերջինիս հեղինակած Փարաջանովի հայտնի «թռչող» լուսանկարը, որի սյուժեով էլ 2004-ին քանդակագործ Վաժա Միկաբերիձեն կերտեց Փարաջանովի՝ ներկայում Թբիլիսիի կենտրոնում տեղադրված արձանը: Լուսանկարիչը նաև ռեժիսորին նվիրված «Սերգեյ Փարաջանով. Երկխոսության քրոնիկոն» գրքի հեղինակն է, որտեղ ներկայացված են Վարպետի բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաև նրա մասին պատմող փոքրիկ պատմություններ:
«Վրաստան-կրկնակի Էջեր» ցուցահանդեսին ներկա էր նաև Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը, ով նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով:
Բացման խոսքով հանդես եկավ նաև ցուցահանդեսի կազմակերպիչ, «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ Հովհաննես Մանուկյանը.
«Նմանատիպ միջոցառումներ կազմակերպելը նպատակ ունի ստեղծելու կամուրջներ և խորացնելու հարաբերությունները երկու պետությունների հասարակությունների, համապատասխան օղակների, ստեղծագործողների միջև: Այն կամուրջները, որոնք կարելի է ստեղծել մշակութային ոլորտում, կարող են լինել ամուր հենարան և նպաստող հանգամանք, որպեսզի էլ ավելի զարգանան մեր բարիդրացիական հարաբերությունները»,- ասում է Հ. Մանուկյանը:
Ցուցահանդեսն այցելուների համար հասանելի է մինչև ընթացիկ շաբաթվա վերջ: