«Սիրիական զարգացումները Ղարաբաղյան գոտում նոր լարվածության պատճառ չեն լինի». Մալաշենկո
«Սիրիական հակամարտությունը Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապելը սխալը կլիներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս հայտնի քաղաքագետ, արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով օրերս ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի «Շայարթ» ռազմաբազային հրթիռային հարվածներ հասցնելու որոշմանը և դրա հնարավոր տարածաշրջանային հետևանքներին։
Ալեքսեյ Մալաշենկոն նշեց, որ իր համար ստեղծված իրավիճակում մի շարք անհասկանալի հանգամանքներ կան։ Ըստ նրա՝ առաջինն այն պատճառն է, որն առաջ է քաշվում՝ որպես ամերիկյան հարձակման համար հիմք՝ Բաշար ալ Ասադի կողմից քիմիական զենքի օգտագործումն Իդլիբում։ Մալաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը դրա հետ միանշանակորեն որևէ առնչություն չունի, ինչպես երևում է՝ Բաշար ալ Ասադը՝ ևս, քանի որ դա ամենևին էլ չի բխում նրա շահերից, և Ասադն ամենևին էլ հիմար չէ։
«Ես արդեն ասել եմ, իմ համոզմամբ՝ Ռուսաստանին «գցել» են, իսկ թե ո՞ր կողմը, կարելի է միայն ենթադրություններ անել։ Դրանցից մեկի համաձայն՝ նախաձեռնողը կարող է Ասադի շրջապատից լինել, ում ձեռնտու է հակամարտության շարունակականությունը, սրումը, իսկ նմանները քիչ չեն»,- ասաց ռուս արևելագետը։
Վերջինիս համոզմամբ՝ Սիրիայում ստեղծված իրավիճակից օգտվեցին Թրամփի շրջապատի այն ուժերը, որոնք նրա նախագահության սկզբից ջանում են փորձության ենթարկել նրա վճռականությունը Ռուսաստանի դեմ և ընդհանրապես լուրջ որոշումներ կայացնելու վճռականությունը, և հարմար առիթը Սիրիայում ստեղծվեց, Թրամփը փորձեց ապացուցել իր վճռականությունն այն դեպքում, երբ դեռ մի քանի օր առաջ հայտարարվում էր, թե ԱՄՆ-ը Ասադի դեմ չէ։ Նրա խոսքով, հարց է նաև, թե ինչու ռուսական ՀՕՊ-ը չի վերացրել ամերիկյան Tomahawk-երը, եթե նախապես տեղեկացված է եղել հարվածների մասին։
«Ինձ համար հստակ է, որ ռուսական ուժերն ի զորու էին վերացնել այս հրթիռները մի փոքր իսկ ցանկության դեպքում, բայց դա չեն արել, ինչը, իմ գնահատմամբ, ճիշտ որոշում է։ Ճիշտ որոշում էր նաև Սիրիայում թռիչքների անվտանգության հուշագրի դադարեցումն ԱՄՆ-ի հետ, սրանից ավելիին Ռուսաստանը չի գնա ԱՄՆ-ի հետ այս հարցում, ինչը ևս ես դրական և ճիշտ որոշում եմ գնահատում, Ռուսաստանը Սիրիայում պետք է սկսի շատ ավելի դիվանագիտորեն և նրբանկատորեն գործել, ինչը վերջին օրերին նկատվում է։
Ռուսաստանը սկսում է նկատել, որ սխալները կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ, ներքաշելով ԱՄՆ-ին ու Ռուսաստանին Սիրիայում բախման մեջ, ինչը որևէ կողմի շահերից չի բխում։ Զարգացումները թույլ են տալիս պնդել, որ իրավիճակի սրում Սիրիայում չի լինի, ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության նոր փուլ՝ ևս, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս հակամարտության կարգավորման բանալին դեռ ոչ ոքի ձեռքում չէ»,- նման կարծիք հայտնեց Մալաշենկոն։
Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Մալաշենկոն ասաց. «Հաշվի առնելով կարծիքս, որ ռուս-ամերիկյան լարվածության նոր փուլ չի լինի, ես սիրիական զարգացումներով պայմանավորված լարվածության հեռանկար չեմ տեսնում այս տարածաշրջանում և Ղարաբաղում: Այս տարածաշրջանն առանց այն էլ լարված է վերջին ժամանակաշրջանում, կարծում եմ՝ այստեղ արտաքին ազդակները պետք չէ դիտարկել՝ որպես պատճառ։ Սա երկար հակամարտություն է, որը ուղեկցվելու է ժամանակ առ ժամանակ բռնկումներով, ինչի ականատեսն ենք մենք։
Սիրիական հակամարտությունը բոլորովին այլ հակամարտություն է՝ բոլորովին այլ շահերով։ Մի հակամարտւթյունը մյուսի հետ կապելն այս դեպքում սխալ կլիներ։ Նույնիսկ ԱՄՆ-ը ու Ռուսաստանն իրենց հարաբերություններում ստեղծված ճգնաժամը չտարածեցին այս հակամարտության վրա։ Ինչ վերաբերում է Թրամփին, կարծում եմ, որ այս քաղաքականությունը շարունակական չի լինելու, գուցե լինեն նման էպիզոդիկ դրվագներ, և ոչ ավելին՝ ներքին սպառման համար»։