ԱԺ փոխնախագահի պաշտոն «այլընտրանքը» չի ստանա
ԱԺ նախագահի պաշտոնի համար որևէ թեկնածություն դեռևս չի քննարկվել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն ունի հարուստ կադրային ռեզերվ, և այդ ռեզերվից առնվազն մի քանի հոգի կան, որոնք կարող են վստահության դեպքում իրականացնել այդ գործառույթները»,- ասաց նա:
168.am-ի հարցին, թե ԱԺ փոխնախագահներից մեկը պարտադիր ընդդիմությունի՞ց պետք է լինի, թե՞ կարող է նաև այլընտրանքից լինել, Շարմազանովը պատասխանեց. «Մենք չունենք այլընտրանք, մենք ունենք ընդդիմություն և իշխանություն:
Հիմա կա կոնկրետ ԱԺ կանոնակարգ-օրենքի և Սահմանադրության պահանջ, որտեղ լինում է դիմություն և ընդդիմություն, երրորդը չկա»: Մեր ճշգրտմանը` եթե որևէ մեկն իրեն այլընտրանք է հռչակում, նրան չի՞ տրվելու ԱԺ փոխնախագահի պաշտոնը, Շարմազանովն ասաց. «Այնտեղ հստակ գրված է, որ 3 փոխնախագահներից մեկն ընդդիմության շարքերից պետք է լինի»: