Հայաստանում առաջին անգամ իրականացվեցին ոսկրածուծի ցողունային բջիջների առաջին երկու փոխպատվաստումները
ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը արյունաբանական կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի հետ իրականացրեց Հայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների առաջին երկու փոխպատվաստումը:
Հայ տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ առաջին փոխպատվաստումն անցել է հաջող: «Հիվանդը, ով վստահեց իր առողջությունը բժիշկներին, կին է Արցախից, ով պետք է մեկներ արտերկիր` նույն վիրահատությունը կատարելու նպատակով: Երկրորդ հիվանդը տղամարդ է, ում մոտ եւս քիմիաթերապիայից հետո հիվանդությունը կրկնվել էր»,-ասաց նա` հավելելով, որ Հայաստանում տարեկան 60 հիվանդ ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունեն: «Մենք Համբուրգի մեր գործընկերների հետ շարունակելու ենք համագործակցությունը: Հիվանդը, որը պետք է փոխպատվաստումը ստանար Համբուրգում, նույն ձեւով կարող է հաճախել մեզ մոտ: Այս տարվա ընթացքում կիրականացնենք 7-10 հիվանդի փոխպատվաստում, քանի որ դա աստիճանական պրոցես է:
Վիրահատության հնարավորությունից կարող են օգտվել նաեւ տարածաշրջանում, սակայն առաջին հերթին նախապատվությունը տրվելու է մեր հիվանդներին»,-հավելեց պրոֆեսորը: Նիկոլաուս Կրյոգերը շնորհավորեց հայ բժիշկներին` նոր բուժակա ն մեթոդը Հայաստանում ներդնելու համար: «Այս մեթոդն աշխարհում համարվում է նորարարական եւ օգտագործվում է չարորակ հիվանդությունների բուժման նպատակով»,-հավելեց նա: