Շվեդիայում լռության րոպեով հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը
Շվեդիան ապրիլի 10-ին տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին) լռության րոպեով հարգել է Ստոկհոլմում իրականացված ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը։
Քաղաքապետարանի զբոսայգում անցկացվել է սգո արարողություն, որին ներկա են եղել թագավորական ընտանիքը, կառավարությունը, ռիկսդագի (խորհրդարանի), տեղական իշխանությունների եւ այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ:
Լռության րոպեից հետո վարչապետ Ստեֆան Լյովենը ճառով դիմել է հավաքվածներին. «Մենք շատ ենք մտածել ձեր մասին, նրանց մասին, ովքեր ապրիլի 7-ին կատարված ահաբեկչության հետեւանքով կորցրեցին ամենասիրելի մարդուն: Ես միայն ցանկանում եմ ասել՝ դուք միայնակ չեք, Շվեդիան ձեզ հետ է»,-ասել է նա:
«Մեր միասնությունը միշտ ավելի ամուր կլինի, քան այն ուժերը, որոնք ցանկանում են բաժանել մեզ»,հավելել է վարչապետը:
Ապրիլի 7-ին առեւանգված բեռնատարը, որը պատկանում է Spendrups ընկերությանը, Ստոկհոլմի կենտրոնի Դրոտնինգատան փողոցում վրաերթ է կատարել մարդկանց վրա՝ փողոցով անցնելով 550 մետր: Ոստիկանության տվյալներով վիրավորվել է 15 մարդ, զոհվել են չորսը:
Ահաբեկչական գործողության գործով դատախազությունը ձերբակալել է երկու մարդու, այդ թվում՝ ենթադրյալ կատարողին՝ Ռահմաթ Ակիլովին՝ Ուզբեկստանից: Կրոնոբերգի (Կունգսհոլմենի շրջան) քննչական մեկուսարանում կատարված հարցաքննության ընթացքում նա խոստովանել է կատարած հանցագործությունը:
Պարզվել է, որ ձերբակալվածը մուսուլման է եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակից: «Սիրիայում ռմբակոծությունները պետք է դադարեցվեն», հայտարարել է նա՝ հավելելով, որ ահաբեկչական գործողություն կատարելու հրամանն ստացել է այդ երկրի ծայրահեղականներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: